Երկրային վայելքները ժամանակավոր են, հոգու անաղարտությունը` հավիտենական
Երբ Հռոմի Դիոկղետիանոս կայսր ցանկասիրությանը չենթարկվելու համար Հռիփսիմյաց կույսերը դիմեցին փախուստի, այդժամ կայսերը դիմեց հայոց Տրդատ թագավորին, որպեսզի իր երկրում ապաստանած կույսերին գտներ և իր մոտ ուղղարկեր: Տրդատի մարդիկ հեշտությամբ գտնում են Հռիփսիմեին և տանում թագավորի մոտ, իսկ Տրդատը՝ հմայվելով Հռիփսիմեի գեղեցկությամբ, ինքն է որոշում տիրանալ նրան: Երբ Հռիփսիմեն մերժում է և ընդդիմանում, թագավորը կանչում է Գայանեին, հանձնարարում իր սանուհուն համոզել, որպեսզի վերջինս ընդունի թագավորի առաջարկը: Գայանեն, ընդհակառակը, քաջալերում է իր սանուհուն, որպեսզի հաստատուն մնա իր հավատքի մեջ, և չփոխանակի երկնքի երջանկությունը երկրավոր փառքի և վայելքների հետ:
Թվում է, թե Գայանեն պետք է համոզի և հետ կանգնեցնի Հռիփսիմեյին, բայց բոլորովին հակառակն է լինում: Քաջության և հավատարմության բացառիկ օրինակի ենք ականատես լինում: Մենք տեսնում ենք, որ կույսերի մեջ Աստծո հանդեպ հավատը այնքան մեծ է, որ մինչև անգամ մահը չի կարող նրանց ստիպել դրժել տված երդումը: Երկրային ոչ մի փառք ու վայելք չի կարող փոխարինել Աստվածային հավատարմությանը: Այս սկզբունքն էին թերևս կույսերը որդեգրել, ինչն էլ ստիպեց անսասան մնալ ցանկացած տանջանքին առաջ: Միայն Հռիփսիմեն չէր, որ պետք է ենթարկվեր տանջանքների իր ըմբոստության համար: Մնացյալ կույսերը ևս գիտակցում էին, որ այդ նույն տանջանքները սպասվում է իրենց: Նահատակության պսակի արժանացավ նաև Գայանե կույսն, ով համարձակություն էր ունեցել մերժել Տրդատ թագավորի հորդորը: Մենք ականատես ենք լինում սպանության դաժան տեսարանի: Նախ կտրում են Գայանեի լեզուն, որով համարձակվել էր գոտեպնդել և խրախուսել Հռիփսիմեին, որ նա ընդդիմանա թագավորին, ապա նրան էլ Հռիփսիմեի նման ոտքերից և ձեռքերից պրկում են գետնի վրա, մորթազերծ են անում և սրի քաշելով՝ սպանում:
Կարող են կտրել մարդու լեզուն, խոշտանգել նրա մարմինը, բայց չեն կարող սպանել այն վեհ ոգին, որի զորացնողը Աստված է: Ս. Գայանե կույսն իր այս օրինակով քրիստոնյա հավատացյալներին կարևոր պատգամ է թողել՝ երկրային վայելքները ժամանակավոր են՝ հոգու անաղարտությունը հավիտենական:
Աստված է մեզ զորացնողը, երբ մաքուր ենք պահում մեր մարմինն ու հոգին, արժանանում ենք Տիրոջ կարեկցանքին, հետևաբար աշխարհում ոչինչ և ոչ ոք չի կարող սպանել այն ոգին, որի զորացնողը Տերն ինքն է: