Բացվել է ապրիլյան պատերազմում զոհված Մհեր Երզնկյանի հիշատակը հավերժացնող հուշաքար
Հունիսի 27-ին Աջափնյակ համայնքի Խաչատրյան փողոցում բացվել է ապրիլյան պատերազմում զոհված, ժամկետային զինծառայող Մհեր Երզնկյանի հիշատակը հավերժացնող ցայտաղբյուր և հուշաքար։
Հենց այդ փողոցում գտնվող տանն է ապրել Մհեր Երզնկյանը, որտեղից 2016 թվականին զորակոչվել է բանակ։
168.am-ի հետ զրույցում հերոսի հայրը՝ Արամայիս Երզնկյանը, նշեց, որ Աջափնյակի թաղապետարանն է աջակցել, որ իրենց բակում հերոսի հիշատակը հավերժացնող հուշաքար տեղադրվի։
«Սա հարգանքի տուրք էր իրենց քաղաքացուն»,- ասաց մեր զրուցակիցը։
21-ամյա Մհեր Երզնկյանը մահացու հրազենային վիրավորում է ստացել 2016 թվականի ապրիլի 5-ի լույս 6-ի գիշերը, նա ընդամենը 2,5 ամսվա ծառայող էր։
Նա զբաղվում էր ոսկերչությամբ և բանակ է զորակոչվել 21 տարեկանում, քանի որ 18 տարին լրանալուց հետո երեք տարի բուժվել է սրտի հետ կապված խնդիրների պատճառով։
Մհերը զոհվել է թշնամու դիվերսիոն հարձակման ժամանակ, նա միայնակ մարտի է բռնվել թշնամու հետ և ուժերի անհավասար պայքարում ստացել մահացու վիրավորում։ Նրա ցուցաբերած արիության համար զինծառայողին տվել են «Առյուծ Մհեր» մականունը:
«Որդիս 18 տարեկանում բանակ չգնաց, բայց երեք տարի անց որոշեց, որ անպայման պետք է ծառայի։ Ոսկերչությամբ ու արծաթագործությամբ էր զբաղվում և նպատակ ուներ, որ բանակից վերադառնալուց հետո արհեստանոց ստեղծի ու իր գործով զբաղվի։ Բանակ զորակոչվեց 2016 թվականի հունվարի 16-ին, բայց 2,5 ամիս ծառայեց… »,- նշեց Ա. Երզնկյանը։
Ըստ նրա՝ պետության կողմից որևէ աջակցություն չեն ստանում, 2016-2017 թվականներին կային բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, որոնք ինչ-որ կերպ աջակցում էին ընտանիքին։
«Որ ասեմ՝ պետության կողմից հատուկ ուշադրության կենտրոնում ենք եղել՝ սուտ կլինի, միայն ֆիկտիվ պարտականություններն են կատարում, ուրիշ ոչինչ»,- շեշտեց Արամայիս Երզնկյանը։
Բացի հուշաքարից, 131 դպրոցում, որտեղ սովորել է Մհերը, կա նրա անվան անկյուն, հուշանկյուն ունի նաև «Մայր Հայաստան» թանգարանում։
Զվարթ Խաչատրյան