Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը. Պատրիկ Ֆիորի
Ինձ համար մեծ պատիվ է կրկին Արցախում լինելը, որի համար կան բազմաթիվ պատճառներ:
«Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնում տեղի ունեցած Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի վերակազմավորման 30-ամյակին նվիրված համերգի ժամանակ ասել է ֆրանսահայ նշանավոր երգիչ Պատրիկ Ֆիորին (Պատրիկ Ժան-Ֆրանսուա Շուշայան):
Անդրադառնալով հարցին, թե ինչու է ինքն Արցախը շատ սիրում նա ասել է. «Առաջինն այն է, որ ես գտնվում եմ իմ նախնիների հողում: Ցանկանում եմ, որ այս հողի վրա երեխաները կարողանան անհոգ մեծանան: Սիրելուս երկրորդ պատճառն էլ այն է, որ ես ճանաչում եմ Արցախն ու արցախցիներին, և ասում եմ ձեզ՝ դուք հրաշալի եք: Ես սիրում եմ պաշտպանել այն երկիրը ու ժողովրդին, ովքեր ապրում են այս հողի վրա: Ինձ համար շատ կարևոր է իմանալ իմ ժողովրդի պատմությունը և մոտիկից ճանաչել իմ արմատները: Ինչքան մարդ մեծանում է, այնքան ավելի է ձգվում դեպի իր արմատները»:
Երգիչն անթաքույց հպարտությամբ է ընդգծել իր սերն ու հարգանքը ԱՀ նախագահ Բակո Սահակյանի հանդեպ՝ նշելով, որ ինքն ուրախ է, որ ճանաչել է նախագահի մարդ տեսակը, զգացել նրա բարությունն ու նրբանկատությունը:
Պատրիկ Ֆիորին խոստացել է կրկին գալ Արցախ ու երգել արցախցիների համար: