NASA-ն Dragonfly ապարատը կուղարկի Սատուռնի արբանյակ Տիտանի վրա կյանքի որոնման համար
ԱՄՆ-ի Օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) կուղարկի Dragonfly («Ճպուռ») տիեզերական ապարատը Սատուռնի խոշորագույն արբանյակի՝ Տիտանի հետազոտության համար: Հունիսի 27-ին այդ մասին հայտնել է Միացյալ Նահանգների տիեզերական գերատեսչության տնօրեն Ջեյմս Բրայդենսթայնը, նրա ելույթը հեռարձակվել է վարչության կայքում
«Այսօր ես հպարտությամբ հայտարարում եմ, որ New Frontiers («Նոր սահմաններ») ծրագրով մեր առաքելությունը՝ Dragonfly անվանումով, կհետազոտի Սատուռնի խոշորագույն արբանյակը՝ Տիտանը: Dragonfly-ն կդառնա առաջին անօդաչու վայրԷջքային մոդուլը, որն ունակ կլինի ավելի քան 100 մղոն (160 կիլոմետր) հաղթահարելու Տիտանի խիտ մթնոլորտում»,- հայտարարել է նա:
«Տիտանը ոչ մի այլ վայրի նման չէ մեր Արեգակնային համակարգում: Եվ ամենից շատ այն նման է վաղ Երկրագնդին: Գործիքները, որոնցով սարքավորված է ապարատը, մեզ թույլ կտան հետազոտել օրգանական նյութերը, գնահատել կյանքի համար պիտանությունը եւ զբաղվել այն քիմիական մարկյորների որոնմամբ, որոնք կվկայեն այնտեղ կյանքի գոյությունն անցյալում կամ նույնիսկ դրա ներկայությունն այժմ»,- հավելել է Բրայդենսթայնը:
Տիտանը Սատուռնի խոշորագույն արբնայակն է եւ մեծությամբ երկրորդն Արեգակնային համակարգի մյուս մոլորակների արբանյակների թվում: Ըստ որում չափով այն գերազանում է Մերկուրի մոլորակին: Դա միակ արբանյակն է, որը խիտ մթնոլորտ ունի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: