«Այս պահին մեր հասարակությունն իրոք բավականին բևեռացված է…». «Իմ քայլը» դաշինքի անդամ Գրիգոր Երիցյան 

Հեղափոխությունից հետո պետական մեքենան չի օգտագործվում հասարակության այս կամ այն խմբերի տարանջատման, ատելություն  քարոզելու, բռնության կոչեր քարոզելու համար: Այս մասին «Ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովին լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ Գրիգոր Երիցյանը:

168.am-ի հարցին՝ այդ դեպքում ինչ էր «սևեր-սպիտակներ» որակումը, Գ. Երիցյանը պատասխանեց. «Ատելության խոսքը սովորաբար ուղղված է լինում որևէ խմբի դեմ՝ կլինի էթնիկական, կլինի ռասայական, կլինի կրոնական… և նպատակ ունի խտրականության ենթարկել այդ խումբը, այսինքն՝ այս դեպքում ատելության կոչերի մասին չենք կարող խոսել, որովհետև դրա թիրախը հասարակության որևէ հստակ խումբ չի…»:

Մեր դիտարկմանը, թե գուցե դա այն խումբն է, որը չի՞ կիսում իշխանության տեսակետը, Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամն արձագանքեց. «Այդ հայտարարությունից հետո անցել է մեկ տարի և, դժբախտաբար, մեկ տարի անց ես համոզվում եմ, որ, այո՛, շարունակվում են մեր քաղաքական դաշտում, հասարակության մեջ մնալ սև ուժեր, որոնք հսկայական ռեսուրս են դնում մեր հասարակությունը պառակտելու, պետության հիմքերը քանդելու ուղղությամբ»:

Գ. Երիցյանը նաև հավելեց, որ «սևուսպիտակն» ու «սևազգեստ մարդիկ»  ուղղակի մետաֆորա են, իսկ ինքը ցանկացած ատելության խոսքի, վիրավորանքի վատ է վերաբերվում.  «Ես վստահ եմ, որ այս պահին մեր հասարակությունն իրոք բավականին բևեռացված է, բևեռացված է եղել  նաև նախկինում:

Կարծում եմ, որ իշխանությունները մեծ անելիք ունեն հասարակության մեջ այս ատելության մթնոլորտը մեղմացնելու ուղղությամբ՝ կրթության, մամուլի և այլ լծակներով…»:

Մանրամասները՝ տեսանյութում

 

Զարուհի Դիլանյան

 

Տեսանյութեր

Լրահոս