Որտե՞ղ է ատելության խոսքի ու ազատ խոսքի սահմանը. մեկնաբանել են փորձագետները
«Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնը մոնիտորինգի է ենթարկել հայկական լրատվամիջոցները և սոցցանցերը՝ պարզելու, թե ատելության խոսք պարունակող ինչպիսի նյութեր են հրապարակվել: Մոնիտորինգի արդյունքներն ամփոփվեցին համաժողովում, որը կազմակերպվել էր «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախաձեռնությամբ Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «Կառուցողական երկխոսության հանձնառություն» ծրագրի շրջանակում:
«Հեղափոխությունից հետո բախվեցինք մի դառը իրականության, որ Հայաստանում, ցավոք, էապես մեծացել են ատելության խոսքի ծավալները»,- «Ատելության խոսքի հաղթահարման ուղիները» համաժողովի ժամանակ հայտարարեց «Ազատ քաղաքացի» քաղաքացիական նախաձեռնությունների աջակցման կենտրոնի նախագահ Հովսեփ Խուրշուդյանը՝ տեղեկացնելով նաև, որ մոնիտորինգի ժամանակ ուսումնասիրվել են սոցիալական ցանցերը և 6 լրատվամիջոցներ՝ ընդդիմադիր, չեզոք և իշխանամետ պայմանական բաժանումով:
168.am-ի հետ զրույցում նա անդրադարձավ նաև ատելության խոսքի պատճառներին։ Մեր հարցին, թե ինչո՞ւ հատկապես հեղափոխությունից հետո գլուխ բարձրացրեց ատելությունը, որո՞նք են պատճառները, Հ. Խուրշուդյանը պատասխանեց.
«Պատճառները բազմաթիվ են: Հեղափոխությունից հետո դրսևորվեց այն, ինչը մեր մշակույթի մեջ բացառված չէր . ցավոք, մեր հասարակության մեջ կան ատելության դրսևորման էլեմենտները…»:
Ըստ Խուրշուդյանի՝ նման երևույթներից խուսափելու համար անհրաժեշտ է կիրառել պետական վերահսկողություն: Մեր դիտարկմանը, թե արդյո՞ք պետական վերահսկողական միջամտությունը չի օգտագրծվի պետության կողմից հասարակական կարծիքներ ճնշելու համար, նա արձագանքեց. «Էդտեղ է նուրբ սահմանը, որը չպիտի խախտվի. խոսքի ազատությունը չպիտի տուժի այս ամենի արդյունքում»:
Պետական վերահսկողության դերի մասին մեր հարցադրմանը պատասխանեց նաև Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը. «Դա կախված է նրանից, թե ինչպես այդ հարցին կանդրադառնանք, ամեն դեպքում, ավելի հստակ կարգավորում այս գործընթացներին անհրաժեշտ է»:
Իսկ ատելության խոսքի առկայության մասին նա նշեց, որ հաշվի առնելով այն քաղաքական սուր իրավիճակը, որը ձևավորվել է, ինչ-որ տեղ բնական են ատելության խոսքն ու ագրեսիվ հրապարակումները:
Մանրամասները՝ տեսանյութում
Համաժողովին ներկա քաղաքագետ Ստեփան Դանիելյանը հետազոտությունը համարեց ակտուալ՝ հաշվի առնելով ներկա հասարակական ու քաղաքական տրամադրությունները: Խոսելով այս ամենում քաղաքացիական հասարակության դերի մասին՝ նա նկատեց. «Մի մտահոգիչ պահ կա…. «ասֆալտին փռելու», «պատերին ծեփելու» մասին. քաղաքացիական հասարակությունն արձագանքե՞լ է դրան. ծիտը թռչում է, քաղաքացիական հասարակությունն արձագանքում է, բայց շատ դեպքերում տեսնում եմ կողմնապահություն: Այսինքն՝ լուրջ խնդիր ունենք. քաղաքացիական հասարակությունը դառնում է կուսակցություն, որը շատ բացասական երևույթ է»:
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանն իր խոսքում նույնպես կարևորեց մոնիտորինգի նշանակությունը՝ նշելով, որ ատելության խոսքն այսօր չափազանց մեծ ծավալների է հասնում, որը, ըստ նրա, սակայն, նորություն չէ. «Կարծես թե նույն բանը Թումանյանն այսօրվա մասին է գրել:
Լուծում կարող է լինել երկու կողմից, մեկը՝ իշխող քաղաքական վերնախավը պետք է զուսպ լինի իր խոսքերում՝ չօգտագործելով սպառնալիք՝ «ասֆալտին փռել», «ծնոտդ կջարդեմ», և այլն, երկրորդը կրթության հարցն է»:
Ո՞րն է ատելության խոսքի, ազատ խոսքի, զրպարտանքի ու վիրավորանքի միջև սահմանը՝ հարցերի պատասխանները լսեցինք քաղվերլուծաբան Անուշ Սեդրակյանից. «Այդ տարանջատումը նույնիսկ եվրոպական և արևմտյան հասարակություններում, որտեղ այդ աշխատանքը շատ ավելի երկար է տարվել, քան մեզ մոտ, դեռևս խնդրահարույց է: Կան դատաիրավական նորմեր, ենթաօրենսդրական ակտեր, որոնք փորձում են նաև ոլորտը կարգավորել. մանավանդ սոցցանցերում շատ դժվար է, որովհետև հենց օրենք ես ընդունում, դառնում ես ՌԴ-ի պես բռնակալ, իսկ եթե հակազդեցության միջոցներ չես ձեռնարկում, ունենում ես թողտվության մթնոլորտ:
Պետական պաշտոնյաները պարտավոր են քառակի զգույշ լինել իրենց արտահայտած ցանկացացած բառի հանդեպ, քան շարքային քաղաքացիները, որովհետև մենք պետք է հասկանանք, որ պետական պաշտոնյան Աստվածաշունչ չի, նա չպիտի խոսքն արտասանի, և նրա ընկերներն ու կողմնակիցները սկսեն մեկնաբանել, թե այս խոսքն ուներ այս լավ մտադրությունը… Հնչած խոսքն իր ձևակերպման մեջ ունենալով լավագույն մտադրությունն անգամ՝ կարող է որակվել բռնության, ատելության խոսք»:
Մանրամասները՝ տեսանյութում
Զարուհի Դիլանյան