«Հայաստանը պետք է շարունակի իրացնել Իրանի հետ ունեցած աշխատանքային ողջ օրակարգը, որը բավականին հագեցած է». Իրանագետ

Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունն իր բարձրակետն անցել է, որը փաստացիորեն իրանցիների կողմից ամերիկյան անօդաչու թռչող սարքի խոցումն էր և դրան հետևած հռետորաբանական և գործողությունների մակարդակում արված քայլերը։ Սակայն խնդիրը հիմնական լուծում չի ստացել։

Այս մասին 168.am-ի հետ զրույցում նշեց ԵՊՀ իրանագիտության ամբիոնի վարիչ, իրանագետ Վարդան Ոսկանյանը՝ անդրադառնալով Իրանի և Միացյալ Նահանգների լարված հարաբերություններին։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի քաղաքականությունը՝ միտված Իրանի ներսում ստեղծել այնպիսի իրավիճակ, որպեսզի տեղի ունենա իշխող վարչակարգի փոփոխություն, այժմ էլ մնում է  օրակարգում։

Իրանագետի կարծիքով՝ Միացյալ Նահանգները թյուր պատկերացում ուներ Իրանի կարողությունների վերաբերյալ, ուստի իրանցիները կարողացել են ապացուցել, որ նույնիսկ պատժամիջոցների պայմաններում կառավարել են ոչ միայն երկրի ներսում առկա տնտեսական դժվարությունները, իսկ նման դժվարություններ կան, և որոշ դեպքերում դրանք կառավարելը շատ դժվար է, այլև հասել են ռազմատեխնիկական լուրջ հաջողությունների։

Հարցին՝ Իրան-ԱՄՆ հարաբերությունների լարվածությունը կարո՞ղ է այս աստիճան սրվել, որ մեծ պայթյուն առաջացնի տարածաշրջանում, իրանագետը պատասխանեց.

«Իրականության մեջ,  չեմ կարծում, որ Միացյալ Նահանգները պատրաստ է լայնածավալ պատերազմի։ Սակայն տեղային մակարդակով բախումները, այնպիսին, ինչպիսին անօդաչուի խոցումն էր կամ Պարսից ծոցի տարածաշրջանի այլ հատվածներում տեղային մակարդակի կոնֆլիկտների ստեղծվելու վտանգը, այս պահին էլ կա, և այդ վտանգը շարունակական է»։

Անդրադառնալով այս իրավիճակում Հայաստանի անելիքներին՝ իրանագետը նկատեց՝ Հայաստանը պետք է շարունակի իրացնել երկու պետությունների միջև եղած աշխատանքային ողջ օրակարգը, որը բավականին հագեցած է ու բազմազան։
«Չնայած առաջացած որոշակի ռիսկերին, որոնք Միացյալ Նահագների պատժամիջոցների առակայության դեպքում վերաբերում են Հայաստանի բանկային համակարգին, այլ ոլորտներին ևս, պետք է շարունակի համագործակցել Իրանի հետ։ Մյուս կողմից՝ մենք պետք է բավականին մեծ դիվանագիտական ջանքեր գործադրենք ԱՄՆ-ի հետ մեր իրավիճակն այդ պետության համար հասկանալի և ընկալելի դարձնելու առումով։ Մենք ունենք չափազանց կարևոր խնդիր այս տարածաշրջանում, բնականաբար, Հայաստանի արտաքին քաղաքական օրակարգում թիվ մեկ խնդիրն Արցախի հարցն է։ Կայուն և զարգացող Իրանի առկայությունը Հայաստանի և Արցախի սահմաններին չափազանց դրական ազդեցություն ունի Արցախի հակամարտության համատեքստում, քանի որ Իրանի ներկայությունն է, որ շատ դեպքերում զսպող դերակատարություն է ունենում Ադրբեջանի համար։ Այս իմաստով կայուն Իրանի ներկայությունը բխում է նաև Հայաստանի շահերից։ Ադրբեջանի գոյության պարագայում Հայաստանն ու Իրանը շատ դեպքերում փոխլրացնում են միմյանց։ Մենք ունենք այլ օրակարգեր ևս, որը հյուսիս-հարավ  առանցքում դերակատարություն ստանձնելն է, ինչը վերաբերում է տրանսպորտային և էներգետիկ հատվածներին։ Կարծում եմ՝ այստեղ պետք է լրջագույն քայլեր ձեռնարկվեն նաև Վրաստանի հետ մեր հարաբերությունները հնարավորինս ընդլայնելու և ինչ-որ առումով Վրաստանին ներգրավելու այս համագործակցության ոլորտում։ Ի դեպ, Վրաստանում կան բազմաթիվ խոչընդոտներ, թե՛ ներքաղաքական, թե՛ այս երկրի կախվածության աստիճանն ԱՄՆ-ի դիրքորոշումներից։ Սակայն ըստ իս, Հայաստանը կարող է կարևորագույն այլընտրանք լինել Վրաստանի համար՝ ազատվելու կամ մասնակիորեն հավասարակշռելու թուրք-ադրբեջանական դաշինքի՝ այդ պետության կախվածությունը։ Իրանը և առանց  նրա Հայաստանը գտնվում են, այսպես ասած, տարբեր «մարզական քաշերում», նույնն է նաև Իրանի պարագայում, քանի որ որքան Իրանն է Հայաստանի համար կարևոր, նույնքան էլ Հայաստանը՝ Իրանի»,- շեշտեց իրանագետը։

Խոսելով ԱՄՆ-ի պատժամիջոցների առկայությամբ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության խոչընդոտներից՝ Վարդան Ոսկանյանը շեշտեց, որ խոչընդոտների ու ռիսկերի հետ միասին, կան նոր հնարավորություններ, որոնք բազմազան են, մասնավորապես՝ Իրանի կողմից ցանկություն կա Հայաստանը տեսնել՝ որպես կարևոր հարթակ Իրան-ԵԱՏՄ և Իրան-Եվրամիություն համագործակցության համատեքստում։
«Մենք կարող ենք ստանձնել այդ հարթակի դերակատարությունը, չեմ ուզում օգտագործել «միջնորդ» բառը, իմ նշած բոլոր ուղղություններով։ Այստեղ է, որ մենք կարող ենք ստանալ զգալի տնտեսական օգուտներ և Հայաստանի աշխարհագրական դիրքերն անհամեմատ բարելավել՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը տարածաշրջանային դերակատարության համատեքստում կարող է ունենալ բոլորովին այլ՝ ավելի հզոր ու ամուր դիրքեր»,- եզրափակեց Վարդան Ոսկանյանը։

Զվարթ Խաչատրյան  

Տեսանյութեր

Լրահոս