«Ադրբեջանը ցանկանում է ասել, որ 25 տարի բանակցություններին մասնակցելով՝ արդեն մաքսիմալ զիջումների է գնացել, ուստի ավելիին չարժե սպասել». Փորձագետ
Բաքվում Ադրբեջանի բանակի օրը, ինչպես միշտ, նշանավորվել է իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից ռազմատենչ հայտարարություններով՝ ուղղված Արցախին ու Հայաստանին։ Մասնավորապես՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ պատերազմը դեռևս չի ավարտվել, և իրենք ամեն պահի պատրաստ են ազատագրել «իրենց հողերն օկուպանտներից»։
Ադրբեջանի փոխնախագահը՝ Մեհրիբան Ալիևան, նույնպես հետ չի մնացել և քաջալերել է ադրբեջանցի զինվորներին, իսկ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն էլ նշել է, թե իբր Ադրբեջանը տարիներ շարունակ զիջումների է գնում և Հայաստանի հետ վարում հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղ բանակցություններ։
Թեմայի շուրջ 168.am-ը զրուցել է ադրբեջանական հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի հետ։
– Տիկին Էլիբեգովա, նման հայտարարություններ հնչում են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների վաշինգտոնյան հանդիպումից հետո, չնայած պաշտոնական հանդիպումներից հետո ադբրբեջանական կողմից նման հայտարարությունները սովորական երևույթ են դարձել, այդուհանդերձ, արդյո՞ք սրանով Ադրբեջանը չի ամրապնդում Մամեդյարովի այն հայտարարությունը, որ շփման գծում իրավիճակը չի կարող խոչընդոտ լինել քաղաքական կարգավորման առարկայական բանակցությունների համար։
– Ադրբեջանում նման հռետորաբանությամբ հայտարարությունները կապված են բանակի օրվա հետ, և դա ադրբեջանական պաշտոնյաների համար սովորական բառապաշար է, որ բանակի օրը խոսեն սովորական դարձած սպառնալիքներով, ռազմական հայտարարություններով՝ ուղղված Հայաստանին ու Արցախին։ Ադրբեջանի դեպքում այս հայտարարություններում որևէ արտասովոր բան չկա։
– Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Ադրբեջանը տարիներ շարունակ զիջումների է գնում, դրանով Ադրբեջանն իր «բարի կամքի դրսևորումը» ներքին լսարանի՞ն է հրամացնում, թե՞ միջազգային հանրությանը։
– Հասանովի հիմնական թեզն այն է, որ Ադրբեջանը 25 տարի շարունակում է մասնակցել բանակցային գործընթացին, արդեն իսկ իրենց կողմից այն մաքսիմալ զիջումն է, որին կարող են գնալ, և ավելի զիջումներ Ադրբեջանից սպասել չարժե։ Սա, բնականաբար, սպեկուլյացիա է, որովհետև պարզ է, որ Ադրբեջանի որոշելով չէ բանակցային գործընթացին մասնակցել-չմասնակցելը։ Եթե Ադրբեջանն ունենար գոնե մի փոքր հնարավորություն՝ դուրս գալ բանակցային գործընթացից, վաղուց արդեն կգնար իր համար նպաստավոր ու ցանկալի՝ պատերազմի ճանապարհով։ Այսինքն՝ այս հայտարարությունները ներքին լսարանի համար սպեկուլյատիվ, քարոզչական բնույթ են կրում։
– Ադրբեջանի պաշտպանության նախարարը հիշատակել էր նաև ապրիլյան պատերազմը։ Հայկական կողմն այդ պատերազմից հաղթող է դուրս եկել, ինչո՞ւ է Զ. Հասանովը որոշել հիշել ապրիլյան պատերազմը։
– Ադրբեջանում 2016 թվականի ապրիլյան պատերազմն ընկալում են՝ որպես մեծագույն հաղթանակ իրենց համար, քանի որ իրենց քարոզչամեքենան այդպես է ներկայացրել։ Հիմա առիթից ավելի շատ են օգտվում, քանի որ Հայաստանում հարցը սկսել է ուսումնասիրել քննիչ հանձնաժողովը, և փորձում են հարցը հնարավորինս ներկայացնել այնպես, թե՝ տեսեք, Հայաստանում սկսել են վերծանել հայկական կողմի պարտության հետևանքները։ Ադրբեջանական ամբողջ քարոզչամեքենան այժմ զբաղված է այդ միֆը տարածելով և ամրապնդելով, որ իրականում ապրիլյան պատերազմում պարտվել է ոչ թե Ադրբեջանը, այլ Հայաստանը։
– Այսինքն՝ քննիչ հանձնաժողովի ստեղծումը հայկական կողմի սխա՞լն է։
– Ինքս այս քննիչ հանձանժողովին ոչ միանշանակ վերաբերմունք ունեմ, որովհետև այնտեղ չեմ տեսնում համապատասխան կադրային, պրոֆեսիոնալ մարդկանց բավականաչափ ներգրավվածություն։ Այդ հանձնաժողովում եղած պատգամավորներից մեկի ոչ կոռեկտ խոսքը՝ ուղղված Արցախի պատերազմի հերոսներից մեկի հասցեին, ևս ինձ վստահություն չի ներշնչում առհասարակ այդ քննարկումների բովանդակության և օբյեկտիվության վերաբերյալ։ Ինձ համար այստեղ առանցքային հարցն իրավիճակի վերաբերյալ օբյեկտիվ քննությունն է։ Եթե եղել են մարդիկ, որոնք մեղավոր են եղել և չեն պատժվել, պետք է պատժվեն։ Բայց, ըստ իս, այդ քննությունը պետք է պատասխանատու և համապատասխան մարմիններն անցկացնեն, այլ ոչ թե՝ ԱԺ պատգամավորները, որոնք չունեն ռազմական կրթություն, առհասարակ որևէ պատկերացում չունեն ապրիլյան պատերազմի մասին, նույնիսկ առաջնագծում չեն եղել։
– Ադրբեջանի արտգործնախարարի վերջին հայտարարությունը ՀՀ ԱԳՆ-ն հերքեց, սակայն Մինսկի խմբի համանախագահների կողմից որևէ արձագանք չեղավ: Արդյո՞ք Մինսկի խումբը ևս պետք է հերքեր Մամեդյարովի հայտարարությունը։
– Առհասարակ, եթե հանդիպումների ժամանակ ներկայացվում է որևէ փաստաթուղթ, դրա մասին Մինսկի խումբը պետք է բարձրաձայնի։ Երբ դրա մասին խոսում է Մամեդյարովը, և նրան ցիտում է ադրբեջանական ողջ մամուլը, այնուհետև սկսում են նրա ցիտատը վերաձևակերպել այնպես, որ իբրև խոսքը վերաբերում է ոչ թե առկա փաստաթղթի, այլ այնպիսի տարբերակների, որոնք, հնարավոր է, հետագայում կարող են քննարկվել։ Կարծում եմ՝ մեր ԱԳՆ-ի հայտարարությունը լիովին իրավիճակը նկարագրում էր, որովհետև եթե այդպիսի փաստաթուղթ իսկապես ներկայացված լիներ, վստահ եմ, որ դրա մասին մեզ պաշտոնապես պետք է տեղեկացնեին և՛ Մինսկի խումբը, և՛ ՀՀ արտգործնախարարությունը։
Զվարթ Խաչատրյան