Վրաստանի և իր հարևանների միջև չի կարող լինել տնտեսական հարաբերությունների վրա ազդող լարվածություն. Վրաստանի փոխվարչապետ
Վրաստանի փոխվարչապետ տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարար Մայա Ցկիտիշվիլին վստահեցնում է, որ հարևան երկրների հետ իրենց ստեղծում և կարգավորում են հարաբերությունները՝ չունենալու համար որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ազդեցություն ունենալ տնտեսական հարաբերությունների վրա:
Այս մասին Մայա Ցկիտիշվիլին ասաց Երևանում Հայաստանի և Վրաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստից հետո՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե արդյոք Լարսի անցակետում կարող են խնդիրներ առաջանալ՝ կապված Վրաստան-Ռուսաստան լարվածության հետ:
«Վրաստանի և Ռուսաստանի միջև լարվածություն չկա՝ չնայած, առկա իրավիճակին, որ մենք արդեն ունենք: Ցավոք, դիվանագիտական հարաբերություններ չկան 2008-ից՝ այն կոնֆլիկտից հետո, որ մենք ունեցանք Ռուսաստանի հետ: Բայց դրանից հետո մենք ստեղծել ենք շատ լավ առևտրային և հումանիտար հարաբերություններ: Մենք վերականգնել ենք առևտրային հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Վրաստանի տարածքը, Լարսի անցակետը՝ բաց են բոլոր տեսակի փոխադրումների համար՝ հայկական բիզնեսի համար կամ ցանկացած մեկի, ով օգտագործում է Վրաստանը խաղաղ նպատակներով, առևտրի և տնտեսական հարաբերությունների համար: Այդ է պատճառը, որ մենք չունենք որևէ տեսակի տնտեսական լարվածություն»,-ասաց փոխվարչապետը:
Նա նշեց նաև, որ ներդրումներ են կատարում հանրային ենթակառուցվածքների զարգացման համար, մասնավորապես՝ ճանապարհների, լոգիստիկ կենտրոնների:
«Եվ մենք նաև կառուցում և կարգավորում ենք մեր հարաբերությունները մեր հարևանների հետ՝ չունենալու որևէ տեսակի լարվածություն, որը կարող է ինչ-որ կերպ ազդել տնտեսական հարաբերությունների վրա»,-նշեց նա: