«Վահե Գրիգորյանն այս գործերով կանխակալ վերաբերմունք ունի, և ինքն էլ ասել է այդ մասին». Արամ Վարդևանյան

Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ Սահմանադրական դատարանն աշխատակարգային որոշում է ընդունել ՍԴ դատավոր  Վահե Գրիգորյանի՝ Ռոբերտ Քոչարյանի և Յուրի Խաչատուրովի դիմումների հիման վրա մի շարք գործերի քննությանը մասնակցելու անհնարինության մասին։

168.am-ի հետ զրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի շահերը ՍԴ-ում ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանն ասաց, որ սա աշխատակարգային որոշում էր, որը նախորդել էր իրենց դիմումները վարույթ ընդունելուն. Սկզբից այս հարցին են անդրադարձել։

«Խնդիրը վերաբերում է նրան, որ Վահե Գրիգորյանն ունի կանխակալ վերաբերմունք, ինքն էլ այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է։ Սա պարզապես աշխատակարգային որոշմամբ արձանագրվել է, և հետևաբար՝ այդ գործերով նիստերը՝ թե քննությունը, թե որոշման ընունումը, իրականացվելու են 8 դատավորների կողմից»,- ասաց Արամ Վարդևանյանը՝ նշելով, որ չպետք է մոռանալ այն մասին, որ Վահե Գրիգորյանը դատարաններում այդ գործերով մասնակցություն է ունեցել պրոցեսներին։

Նա նշեց նաև, որ սա ինքնաբացարկ չի կոչվում, քանի որ սահմանադրական արդարադատությունում ինքնաբացարկի ինստիտուտ չկա. Կա չմասնակցելու ինստիտուտ։

Կարդացեք նաև

Մեր այն հարցին, թե արդյո՞ք Վահե Գրիգորյանի՝ այդ գործով քննություններին չմասնակցելն անպայման աշխատակարգային որոշմամբ պետք է արձանագրվեր, հնարավո՞ր չէր, որ նա ուղղարկի չմասնակցեր նիստերին, Ա. Վարդևանյանը պատասխանեց, որ տեսականորեն կարող էր, սակայն կարող էր նաև մասնակցել։

«Այսինքն՝ այդպես մենք այդ հարցը թողնում ենք զուտ անձի ցանկությանը, որը չի կարող դիտարկվել՝ որպես կայուն բան։ Այս որոշմամբ ֆիքսվում է դատաքննությանը նրա մասնակցության անհնարինությունը»,- եզրափակեց փաստաբանը՝ նշելով, որ սա բնականոն պրոցես է, միշտ էլ կարող է լինել, և այս դեպքում հենց այդպես էլ եղել է։

Տեսանյութեր

Լրահոս