Ամերիկահայ Արա Թովմասյանը լվանում է Երևանի մանկական երկաթուղու տարածքի արձանները` նոր շունչ հաղորդելով դրանց
Բարերար Արա Թովմասյանը, որը ավելի քան երեսուն տարի ապրում է Հայաստանի սահմաններից դուրս` ԱՄՆ-ում, սեփական նախաձեռնությամբ լվանում է Երևանի մանկական երկաթուղու փոշու մեջ կորած արձանները` փորձելով կենդանացնել, նոր գույն ու փայլ հաղորդել դրանց:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Թովմասյանը պատմեց, որ երկար տարիների ընդմիջումից հետո 2017 թվականին է վերադարձել Հայաստան և տեսել, որ քաղաքը շատ տխուր է, կորցրել է իր վարդագույն դիմագիծը:
«Մի առիթով եղբորս թոռներին բերեցի Երևանի մանկական երկաթուղի: Ավաղ, այստեղ նույնպես տխուր էր, արձանները փոշոտ են, երեխաներին չեն հետաքրքրում, ոչինչ չեն ասում նրանց: Որոշեցի կազմակերպել այս ակցիան ու լվանալ այգու արձանները` բնականաբար իմ նախաձեռնության մասին խոսելով այգու տնօրինության հետ»,-նշեց Թովմասյանը:
Նա ասաց, որ այն սարքը, որով լվանում է արձանները, ձեռք է բերել ԱՄՆ-ից: Այն նախատեսված է քարերը, արձանները լվանալու համար ու չի կարող վնասել հուշարձանները: Թովմասյանի խոսքով` այգում մոտավորապես յոթ արձան կա: Արա Թովմասյանն ու իր աջակից Արմանը փորձելու են մեկ օրվա ընթացքում լվանալ դրանց մեծ մասը:
«Եթե նախաձեռնությունը խրախուսվի, հնարավոր է լվանանք նաև այլ այգիների անմխիթար վիճակում գտնվող արձաններ: Շատ եմ ուզում, որ քաղաքը վարդագույն տեսք ունենա: Նախորդ տարվա հեղափոխությունից հետո մարդկանց դեմքի արտահայտությունը պայծառացել է, իսկ ինչո՞ւ քաղաքը չպայծառանա»,-ընդգծեց Թովմասյանը:
Նա հավելեց, որ հայաստանցիներից մեկն է, պարզապես ժամանակավոր այլ երկրում է ապրում: «Ասում են` Ամերիկան հնարավորությունների երկիր է, բայց ես տղայիս էլ եմ կոչ անում գալ Հայաստան, քանի որ Հայաստանն էլ է հնարավորությունների երկիր դարձել: Պետք է ներդրումներ անել մեր երկրում ու հարստացնել այն»,-եզրափակեց Թովմասյանը:
Լուսանկարնը` Մխիթար Խաչատրյանի