Բաժիններ՝

Ստուգված տվյալների նոր վիճակագրությունը

Մեր վիճակագրության կոմիտեն անունը փոխելուն զուգահեռ՝ ահագին տարօրինակ նորամուծություններ է իրեն թույլ տալիս: (Նախկինում այս հիմնարկությունն ավելի պատվարժան անուն ուներ` Ազգային վիճակագրական ծառայություն): Տնտեսական վիճակագրության տեսանկյունից Հայաստանը դառնում է անկանխատեսելի անցյալ ունեցող երկիր: Հիմա գործող իշխանությունները համարյա քնքուշ վերաբերմունք ունեն տնտեսական վիճակագրության նկատմամբ՝ ընդհանրապես, և տնտեսական ակտիվության ցուցանիշի հանդեպ՝ մասնավորապես: Տեսեք, թե այն ինչպես են ամփոփում մեր վիճակագիրները:

Յուրաքանչյուր ամսվա 25-ին հրապարակվում են նախորդ ամսվա սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները: Այստեղ գլխավոր բառը «նախնականն» է: Այսինքն՝ ցուցանիշները, հնարավոր է, որ հետագայում ենթարկվեն փոփոխության: Սակայն, որպես կանոն, ամփոփվող ամսվա տվյալները հաջորդող ամսվա հրապարակման մեջ արդեն հրապարակվում են տեսքով շեղանկյուն հիշեցնող նշանի տակ: Իսկ հաշվետվության յուրաքանչյուր էջի ծանոթագրությունների հատվածում բացատրվում է` այն տվյալները, որոնց վերևում դրված է շեղանկյուն հիշեցնող նշանը, ստուգված են: Վիճակագիրները բառացի գրում են՝ «Տվյալները ստուգված են»:

Հիմա տեսեք, մեր վիճակագիրները նախ՝ հունվար ամսվա համար հրապարակեցին Տնտեսական ակտիվության 6.1 տոկոսանոց ցուցանիշ (ՏԱՑ): Հաջորդ ամսին այն ճշգրտվեց և դարձավ 5.5 (բնականաբար, ցուցանիշի վրա դրվեց «Տվյալները ստուգված են» նշումը):

Փետրվար ամիսը նախնական հայտարարվեց 7,6 տոկոս, հետո ապրիլի 25-ին ճշգրտվեց՝ դառնալով 7.5: Հետո կատարվածն արդեն պուճուրիկ արկածներ են: Նախ՝ մարտի համար ՏԱՑ-ը հայտարարվեց 6.2 տոկոս: Մեկ ամիս այն վերանայվեց՝ դառնալով 5.8 տոկոս (մայիսի 27-ին): Ընդ որում, 5.8-ի գլխին դրվեց «Տվյալները ստուգված են» պնդումը:

Բայց մի շտապեք ենթադրել, որ դրանով ամեն ինչ ավարտվեց: Հունիսի
25-ին մեզ արդեն մարտ ամսվա տնտեսական ակտիվության ցուցանիշի (ՏԱՑ) ճշտված տվյալների վերանայում էր սպասվում: Ընդ որում, վերանայված թիվն ավելի բարձր էր, քան նախորդ երկու ամիսներին հրապարակվածները, և կազմում էր 6.3 տոկոս:

Այս, այսպես կոչված՝ պուճուրիկ հնարքը հեռահար նպատակներ ուներ: Իշխանությունները մայիսի վերջին շատ էին երջանկացել ապրիլի 9.2 տոկոսանոց ՏԱՑ-ով: Բոլորը մոռացել էին, որ քաղաքական գործընթացների պատճառով 2018թ. ապրիլը տնտեսական իմաստով պարապուրդի շրջան էր: 2018-ի տնտեսական ակտիվությունը որոշ օրերի նույնիսկ զրոյի էր ձգտում: Մայրաքաղաքում որոշ օրերի Մետրոպոլիտենն էր ժամերով պարապուրդի մատնվում: Հետևաբար՝ 9.2 տոկոսանոց աճն ինչ-որ իմաստով բավարար չդիտվեց ու վերջին հրապարակման մեջ ներկայացվեց 9,5 տոկոսի չափով: Այս անգամ էլ հայտնվեց «Տվյալները ստուգված են» գրության խորհրդանշանը: Այս փոքրիկ ճշգրտումը հնարավորություն տվեց մայիս ամսի համար «արձանագրել» 7.3 տոկոսանոց ՏԱՑ: Ընդ որում, տարօրինակ «համընկնում-պատահականությամբ»՝ տարվա առաջին հինգ ամիսների համար հենց 7.3 տոկոսը դարձավ միջին ցուցանիշ:

Պարզ ասած՝ մեր վիճակագիրները ջանք չեն խնայում բարձր տնտեսական ակտիվություն «ապահովելու» համար: Չեմ կարծում, թե կարելի է ենթադրել, որ ապրիլ-մայիս ամիսների համեմատությամբ աճը պատկերելը հեշտ էր: Որովհետև 2018-ի հաջորդ ամիսներին տնտեսությունն առանց քաղաքական ցնցումների իներցիոն ընթացք ունեցավ: Պետք չէ հաշվի առնել նույնիսկ այն փաստը, որ 2019-ի մայիս-հունիսի համար արդեն պաշտոնապես խոսվել է արտահանումների ծավալի կրճատման մասին: Ընդ որում, խոսվել է՝ գյուղատնտեսության ոլորտը վերլուծելով: Հիշեցնենք, մեր վիճակագիրները գերարդիական մեթոդաբանության պահանջով գյուղատնտեսությունը եռամսյակային կտրվածքով են ամփոփում: Այսինքն՝ գյուղոլորտն առաջիկա հաշվետվության համար թևքում պահած հաղթաթղթի նման հրապարակ կհանվի: Նման եզրակացության նախանշանները կան, տեսեք՝ այս տարվա ապրիլ ամսվա համար հրապարակվել է, որ մեր արտահանումները կազմել են 208.5 մլն դոլար: Զարմանալի (ու տարօրինակ) զուգադիպությամբ՝ ճիշտ նույն թիվն է հրապարակվել նաև մայիս ամսվա պարագային՝ 208.3 մլն դոլար: Մի շտապեք, քանի որ նման համընկնում չի լինում: Վիճակագիրները հավանաբար առաջիկա ամսին կնկատեն այդ փաստը և կուղղեն: Իսկ որ ամսվա ցուցանիշը կուղղեն՝ կարևոր չէ: Ի վերջո, տնտեսական վիճակագրության ներկայացումը դարձել է անկանխատեսելի: Նույնիսկ այն պարագային, երբ դա վերաբերում է մի քանի ամիս առաջ հրապարակած տվյալներին, որոնց գլխին դրված է «Տվյալները ստուգված են» արտահայտության խորհրդանիշը: Կարող է՝ ստուգումից հետո էլ վերաստուգել են: Ի՞նչ կա որ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս