Արագածոտնի պաշտոնաթող փոխմարզպետը չի բացառում այլ պաշտոնի անցնելը
168.am-ն արդեն անդրադարձել է Արագածոտնի մարզպետարանում տեղի ունեցող իրադարձություններին, մասնավորապես՝ մարզպետ Դավիթ Գևորգյանի և արդեն նախկին փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի միջև ընթացող հակասություններին , որն ավարտվեց Անահիտ Սարգսյանին պաշտոնից հեռացնելով։
Հիշեցնենք, որ երեկ ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Անահիտ Սարգսյանը հեռացվել է պաշտոնից։
168.am-ի հետ զրույցում Ա. Սարգսյանը նշեց, որ արդեն ծանոթացել է վարչապետի որոշմանը և այսօր աշխատանքի չի գնացել։
Փորձեցինք ճշտել, թե իրականում ի՞նչ խնդիր կար իր և մարզպետի միջև, որի արդյունքում զրկվեց պաշտոնից, Ա. Սարգսյանը՝ ինչպես երեկ, այնպես էլ՝ այսօր պնդեց, որ մեր հարցերին չի պատասխանի այնքան ժամանակ, քանի դեռ վարչապետի հետ չի հանդիպել։
Հարցին՝ պաշտոնից ազատվելուց հետո է՞լ պետք է հանդիպի վարչապետին, Անահիտ Սարգսյանը դրական պատասխան տվեց։
«Իհարկե, պետք է հանդիպեմ, այս որոշումը կապ չունի»,- ասաց նա։
Հաջորդ հարցին՝ հույս կա՞, որ վարչապետի հետ հանդիպելուց հետո կվերադառնա պաշտոնին, նախկին փոխմարզպետը պատասխանեց, որ դրա համար չի հանդիպում։
«Խելամիտ չեմ համարում վարչապետի որոշումները բեկանել, սա անհնար է։ Բայց միայն նրա հետ խոսելուց հետո ես կպատասխանեմ ցանկացած հարցի, եկեք սպասենք, հավանաբար այդ հանդիպումը տեղի կունենա այսօր»,-շեշտեց մեր զրուցակիցը։
Նա նաև տեղեկացրեց, որ հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, և հարցին՝ հնարավո՞ր է՝ հետագայում այլ պաշտոն զբաղեցնի, Անահիտ Սարգսյանը պատասխանեց. «Իհարկե, միանշանակ»։
Զվարթ Խաչատրյան