Արագածոտնի փոխմարզպետը կխոսի Փաշինյանի հետ հանդիպումից հետո

Պարզվում է, որ Արագածոտնի մարզպետ Դավիթ Գևորգյանի և փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի ջրերը մի առվով չեն հոսում, նրանց միջև հակասություններ կան, որոնք չեն կարողանում հարթել։ Այս մասին երեկ  գրել էր hraparak.am կայքը:

Ըստ կայքի՝ Անահիտ Սարգսյանը ժամանակին համակարգել է մարզի կրթական ոլորտը, և, ըստ տեղեկությունների, կառավարությանը հասցեագրված մի նամակին օրինական ընթացք տալու պատճառով հակասություն է առաջացել մարզպետի և փոխմարզպետի միջև.

«Դրանից հետո մարզպետը փոխմարզպետին զրկել է խորհրդակցություններին մասնակցելու և իր աշխատասենյակ մտնելու իրավունքից, ասելով՝ «մաքրվի ստուց»: Շուրջ երկու ամիս առաջ Ա. Սարգսյանը խորհրդակցության ժամանակ մտել է մարզպետի աշխատասենյակ և փորձել մասնակցել խորհրդակցությանը, սակայն մարզպետը նրան դուրս է հրավիրել, որից հետո Սարգսյանը՝ իր հերթին, Դ. Գևորգյանը՝ իր հերթին, գնացել են տարածքային կառավարման նախարարի մոտ՝ իրավիճակը ներկայացնելու:

Դեպքից հետո մի քանի շաբաթ անընդմեջ մարզպետը խորհրդակցություն չի անցկացրել։ …Անահիտ Սարգսյանը նորից է փորձել մասնակցել խորհրդակցությանը, սակայն Դ. Գևորգյանն ասել է՝ դուրս արի սենյակից, Ա. Գևորգյանը պատասխանել է՝ դուրս չեմ գա։ Դ. Գևորգյանը բորբոքվել է՝ այ հոգեկան հիվանդ, քեզ ասում եմ՝ դուրս արի սենյակից:

Ա. Սարգսյանը, ներողություն խնդրելով աշխատակիցներից, տեղավորվել է իր աթոռին, Դ. Գևորգյանը  կրկնել է՝ քեզ ասում եմ՝ դուրս արի, այ հոգեկան հիվանդ: Եվ երբ վերջնականապես համոզվել է, որ փոխմարզպետը համառում է, ընդհատել է խորհրդակցությունը և աշխատակիցներին դուրս հրավիրել՝ մնալով Ա. Սարգսյանի հետ: Չմոռանանք, որ վերջինս այս պաշտոնին նշանակվել է Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության կողմից»,- գրել է կայքը։

168.am-ը կապ հաստատեց փոխմարզպետ Անահիտ Սարգսյանի հետ, հասկանալու համար, թե իրականում ի՞նչ խնդիրներ կան իր և մարզպետի միջև։

Մեզ հետ զրույցում Ա. Սարգսյանն ասաց, որ կխոսի միայն այն բանից հետո, երբ հանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Հարցին՝ նամա՞կ է ուղարկել վարչապետին, թե՞ հանդիպելու է, Անահիտ Սարգսյանը պատասխանեց, որ հանդիպելու է, սակայն հանդիպման օրը դեռ հստակ չէ:

«Կհանդիպենք առաջիկայում։ Միայն վարչապետի հետ հանդիպելուց հետո կպատասխանեմ բոլոր հարցերին, այս պահին թույլ տվեք այսքանով սահմանափակվել»,- ասաց նա։

Հաջորդ հարցին՝ գնո՞ւմ է մարզպետարան աշխատանքի,  Անահիտ Սիմոնյանը պատասխանեց. «Իհարկե գնում եմ, այս պահին էլ աշխատանքի եմ, այլ հարցի չեմ պատասխանի»։

Կապ հաստատեցինք նաև փոխմարզպետ Գառնիկ Աթանեսյանի հետ, նա նշեց, որ մարզպետարանում տիրող իրավիճակի վերաբերյալ ոչինչ չի կարող ասել, քանի որ հունիսի 24-ից գտնվում է արձակուրդում։

«Այդ խորհրդակցությունը, որին մասին գրել են, դրան չեմ մասնակցել, չգիտեմ, թե ինչ է տեղի ունեցել։ Բայց ասեմ, որ մարզպետարանում խորհրդակցություններ միշտ են անցկացվում, որին մասնակցում են բոլորը։ Մամուլից կարդացել եմ այն, ինչ գրվել է, բայց մանրամասներին չեմ տիրապետում»,- ասաց փոխմարզպետ Աթանեսյանը։

Հարցին՝  այս օրերին մարզպետից ճշտե՞լ է, թե ինչ է կատարվում մարզպետարանում, փոխմարզպետը պատասխանեց, որ նյութին երեկ երեկոյան է ծանոթացել, և դեռ առիթ չի եղել  խոսելու մարզպետի և Անահիտ Սարգսյանի հետ։

«Ես մանրամասներին չեմ տիրապետում և չգիտեմ՝ այդ գրվածն իրականում եղե՞լ է, թե՞ ոչ, անկեղծ, չեմ կարող ասել, քանի որ այնտեղ չեմ եղել։ Վերջին մեկ ամիսը տիկին Անահիտ Սարգսյանն է եղել արձակուրդում և խորհրդակցություններին չի մասնակցել, բայց դրանից առաջ միշտ մասնակցել է, թե հիմա ի՞նչ է եղել՝ չգիտեմ»,- եզրափակեց Գառնիկ Աթանեսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս