Վաշինգտոնում Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը ներկայացվել է փաստաթուղթ. Մամեդյարով 

Հունիսի 21-ին Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև տեղի ունեցած հանդիպման կարևոր կողմն այն էր, որ համանախագահները պաշտոնապես կողմերի քննարկմանն են ներկայացրել փաստաթուղթ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Բաքվում տեղի ունեցած մամուլի ասուլիսում:

Անդրադառնալով համանախագահների առաջարկած փաստաթղթի էությանը՝ նա ասել է, որ խոսքն առաջարկների մասին է, «որոնք արդեն քննարկվել են»:

Ընդ որում, Մամեդյարովն ընդգծել է, որ առաջարկների էությունը շարադրված է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մարտի 9-ի հայտարարության մեջ:

«Այլ հարց է՝ մենք համաձա՞յն ենք դրանց հետ, թե՞ ոչ»,- ասել է Մամեդյարովը:

Քննարկվել է նաև շփման գծում հրադադար պահպանելու հարցը:  Մամեդյարովն ընդգծել է, որ շփման գծում իրավիճակը չի կարող խոչընդոտ լինել քաղաքական կարգավորման առարկայական բանակցությունների համար.

«Պարտադիր չէ, որ նախ խաղաղություն հաստատվի զորքերի շփման գծում, հետո միայն բանակցություններ ընթանան: Մենք պետք է էականացնենք բանակցությունները: Այս պահին մենք աշխատում ենք մարտի 9-ի համանախագահների հայտարարության հիման վրա: Այդ փաստաթղթի որոշ պահերի հետ մենք համաձայն ենք, որոշների հետ՝ ոչ: Այդ հայտարարության մեջ գրված է, որ առաջին հերթին, հայկական զորքերը պետք է դուրս բերվեն ադրբեջանական տարածքներից:

Մնացած ամեն ինչ հնարավոր է լուծել ավելի ուշ: Վաշինգտոնում համանախագահները ներկայացրել են պաշտոնական փաստաթուղթ, 1-2 ամիս մենք պետք է աշխատենք դրա վրա»,- ասել է Մամեդյարովը: Նա նշել է, որ փաստաթուղթը պետք է լուրջ վերլուծության ենթարկվի: Կողմերը պայմանավորվել են, որ համանախագահները նախարարների նոր հանդիպում կառաջարկեն 2-3 ամսից:

Մամեդյարովը նշել է, որ համակարտության լուծումը պետք է լինի փուլային, առաջին հերթին անհրաժեշտ է «ազատել Ադրբեջանի օկուպացված տարածքները»: Ինչ վերաբերում է տարածաշրջանի անվտանգությանը, ապա Մամեդյարովը հնարավոր է համարում այնտեղ խաղաղապահ զորքեր մտցնելը:

aravot.am

Տեսանյութեր

Լրահոս