
ԱՄՆ-ը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցի պահպանության հարցում. Թրամփ

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իր երկիրը տնտեսապես շահագրգռված չէ Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգությունը պահպանելու հարցում, որով համաշխարհային շուկա է փոխադրվում մերձավորարեւելյան նավթի մեծ մասը, քանի որ Միացյալ Նահանգներն ինքն է դարձել այդ հումքի խոշոր արտադրողը: Այդ մասին նա հունիսի 24-ին գրել է Twitter-ի իր էջում:
Թրամփը հայտարարել է, որ աշխարհի այս շրջանում իրենց լցանավերի պահպանմամբ պետք է զբաղվեն Չինաստանը, Ճապոնիան եւ այլ երկրներ, որոնք կախված են Մերձավոր Արեւելքից նավթի մատակարարումներից: ԱՄՆ-ի ղեկավարը կրկին հայտարարել է, որ Իրանի նկատմամբ Միացյալ Նահանգների քաղաքականության նպատակն է՝ թույլ չտալ այդ երկրի կողմից միջուկային զենքի ստեղծում եւ ահաբեկչության աջակցման դադարեցումը, որում Վաշինգտոնը մեղադրում է Թեհրանին:
«Չինաստանը (Հորմուզի) նեղուցից ստանում է իր նավթի 91 տոկոսը, Ճապոնիան՝ 62 տոկոսը եւ շատ այլ երկրներ նույնպես,-գրել է ԱՄՆ-ի նախագահը:-Այնպես որ մենք նավագնացության ուղիներն ուրիշ երկրների համար (երկար տարիներ) պահպանում ենք զրոյական փոխհատուցման դիմաց: Այդ բոլոր երկրները պետք է պաշտպանեն իրենց նավերն այս երթուղում, որը միշտ էլ վտանգավոր է եղել»:
«Մեզ նույնիսկ հարկավոր էլ չէ այնտեղ լինել, որովհետեւ ԱՄՆ-ը վերջերս դարձել է (մեծ առավելությամբ) էներգակիրների խոշորագույն արտադրողն ամբողջ աշխարհում»,-հայտարարել է Թրամփը: «Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի պահանջը շատ պարզ է՝ ոչ մի միջուկային սպառազինություն եւ ահաբեկչության հովանավորման դադարեցում»,-հավելել է Միացյալ Նահանգների նախագահը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: