Բաժիններ՝

«Հյուսիսային Կորեայում էլ կոռուպցիա չկա, ինչո՞ւ այնտեղ ներդրումներ չկան». Վարդան Արամյանը հիշեցրեց Ռուբեն Վարդանյանի խոսքերը

Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանն այսօր Դիլիջանում «Իմ քայլը հանուն Տավուշի» տնտեսական ֆորումի ժամանակ լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ներդրումներին՝ նշեց, որ դժվարանում է ասել, թե որտեղ է սխալվել Կառավարությունը, որ 11 տոկոսով ներդրումների քանակը նվազել է։

«Եթե խոսքն ուղղակի օտարերկրյա ներդրումների մասին է, ապա դրանք սովորաբար առաջինն արձագանքում են ներքին ներդրողներին։ Այսինքն՝ սկզբում պետք է փորձեն փայփայել և լավ հարաբերություններ ունենալ ներքին ներդրողների հետ, որպեսզի նրանք լինեն առաջին ծիծեռնակները, որոնց հետևից գալու են օտարերկրյա ներդրողները»,- ասաց Վարդան Արամյանը։

Լրագրողի դիտարկմանը՝ Կառավարության որոշումները վկայում են այն մասին, որ այդ առումով ամեն ինչ կարգին է, Վ. Արամյանը նշեց, եթե նկատի ունի ավելացված արժեքի հարկի վերադարձը, ապա այդ ծրագիրը գործում է մոտավորապես 8 տարի։ Այն ներդրվել է ճգնաժամից հետո՝ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի ժամանակ։

«Ես չեմ ասում՝ դա վատ է, լավ է և ողջունելի, բայց դրան զուգահեռ՝ պետք է մտածել նաև այլ բաների մասին։ Այժմ պետք է մտածել այն մասին, որ, երբ ներդրողները գալիս են Կառավարություն հանդիպումների, նրանք ուզում են որոշումներ, թե ինչպիսի որոշումներ՝ կդժվարանամ ասել, քանի որ ինքս այդ խմբին չեմ պատկանում»,- հավելեց ֆինանսների նախկին նախարարը։

Հարցին՝ կոռուպցիա չկա, ինչո՞ւ ներդրումները չկան, Վարդան Արամյանը պատասխանեց. «Մի անգամ բարերար Ռուբեն Վարդանյանը լավ բան ասաց, որ Հյուսիսային Կորեայում էլ կոռուպցիա չկա, հարց է առաջանում՝ ինչո՞ւ այնտեղ ներդրումներ չկան։ Այն, որ կոռուպցիան ներդրողների համար խնդիր է՝ իրականում այդպես է, քանի որ նրանք ցանկանում են ինչ-որ երաշխիքներ իրենց ներդրումների համար։

Կան երկրներ, որտեղ կոռուպցիա կա, բայց ներդրումներ լինում են, այնտեղ ներդրողը պետք է ինչ-որ հարաբերությունների մեջ մտնի չինովնիկների հետ, և միշտ հարց է առաջանում՝ որքանո՞վ է դա երաշխավորված, քանի դեռ իշխանությունում այդ չինովնիկներն են, բնականաբար, իրենց ներդրումները երաշխավորված կլինեն։ Կոռուպցիան որ վերացված է, դա լավ է, բայց երկրորդ քայլը պետք է լինի լավ հարաբերություններ ինստիտուցիոնալացնելը»։

Վարդան Արամյանը նշեց, որ այն կարծիքին չէ, թե իր նախարար եղած ժամանակ չի հաջողել տնտեսությունը զարգացնել, քանի որ, երբ խոսում են բացարձակ թվերի մասին, ապա 2017 թվականի 0,2 տնտեսական աճից՝ հաջորդ տարի ապահովել են 7, 5 աճ։

Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետի այն հայտարարությանը, որ Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի, վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, Վարդան Արամյանը նշեց, եթե ճիշտ է ընկալել, ապա վարչապետը խոսել է այն մասին, որ Կենտրոնական բանկը ֆինանսական շուկայում ինտերվենցիա է արել և գնել է զուտ դոլար և դրամ ներարկել։ Ուստի այդ դոլարը հայտնվել է Կենտրոնական բանկի պահուստներում։

Զվարթ Խաչատրյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս