«Այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին». Նիկոլ Փաշինյան

Դիլիջանի Մոնթե Մելքոնյան ռազմամարզական վարժարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ մեկնարկել է «Իմ քայլը հանուն Տավուշի» ներդրումային համաժողովը:

Ինչպես տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ողջունելով ներկաներին` վարչապետը նշել է, որ սա ՀՀ մարզերում անցկացվող  նմանատիպ հինգերորդ համաժողովն է և անդրադարձել հարցին, թե որոնք են նմանատիպ համաժողովների անցկացման նպատակները: «Մեր ամենակարևոր նպատակն անհատական ջանքի խրախուսումն ու քաջալերումն է Հայաստանի Հանրապետության զարգացման գործում, որովհետև մենք համոզված ենք, որ ՀՀ քաղաքացիների անհատական ջանքն է այն շրջադարձային կետը, երևույթը, որը  մեր երկիրը պետք է նոր մակարդակի բարձրացնի տնտեսապես, քաղաքականապես և բոլոր առումներով:

Ի՞նչ ենք նկատի ունենում` անհատական ջանք ասելով. նկատի ենք ունենում օրինակ` «Ապագա ռեզոթ» ընկերության հիմնադիր Արտակ Չիբուխչյանին, ով մի օր որոշում է, որ Ռուսաստանի Դաշնությունից պետք է գա Հայաստան և Ենոքավանի լքված տարածքում ստեղծի մի կառույց, որը պետք է փոխի համայնքի կյանքը, Հայաստանի Հանրապետության իմիջը: Նկատի ունեմ իջևանցի գործարար Անդրանիկ Ղազարյանին, ով Ուկրաինայում հաջողության է հասել, վերադառնում է Հայաստան և շուտով նրա շնորհիվ Իջևանի անշարժ գույքի շուկայում երկար տարիների ընդմիջումից հետ կհայտնվի նոր առաջարկ՝ բազմաբնակարան շենքի տեսքով: Նկատի ենք ունենում «Քարահունջ» գինետան հիմնադիրներին, որովհետև այս մարդիկ գալիս են  Սփյուռքից և Հայաստանում ստեղծում նոր իրականություն»,- նշել է Նիկոլ Փաշինյանը` ավելացնելով, որ անհատական ջանք ասելով նկատի են ունենում նաև «Հայրապետյան եղբայրներ» ընկերությանը, որոնք երկար տարիներ ղեկավարում են Պարզ լիճը` ստեղծելով բնության և բիզնեսի ներդաշնակության մի նոր երևույթ:

«Անհատական ջանք ասելով՝ սա նկատի ունենք, որովհետև փոփոխությունների շարժիչ ուժն, իհարկե, պետք է լինի կառավարությունը, բայց դրանց ճակատագիրը որոշողը քաղաքացիներն են և կառավարության ամենամեծ անելիքն ահա այսպիսի մարդկանց օրինակներ ի ցույց դնելով` քաջալերելն է ուրիշներին և հնարավորություններ ստեղծելը, որպեսզի մարդիկ տաղանդը բացահայտելու և իրացնելու հնարավորություն ունենան: Այն մարդիկ, որոնց մասին խոսեցի, այդ ամենը ստեղծել են ոչ ամենևին կատարյալ պայմաններում, հակառակը՝ այդ ամենն արվել է դժվարություններ հաղթահարելով»,- ասել է վարչապետը` հավելելով, որ կառավարությունն առկա խնդիրները հաղթահարելու համար իրականացնում է համապատասխան քայլեր:

«Այսօր խոսում ենք վարկային տոկոսադրույքների նվազեցման մասին, հարյուր հազարավոր մարդկանց վարկային պատմությունը «սպիտակեցրել» ենք, մենաշնորհները վերացրել: Հիմա խոսում ենք այն մարդկանց մասին, որոնք ինչ-որ բան արել են` աղքատությունը հաղթահարելով: Մենք հիմնադրել ենք «Մեր ժամանակների հերոսը» խորագրով հեռուստատեսային նախագիծը, որը ցույց է տալիս, որ Հայաստանի Հանրապետությունում այսօր էլ կան մարդիկ, ովքեր զրոյից, առանց որևէ բան ունենալու՝ հասել են կոնկրետ արդյունքների: Նրանք չեն համաձայնվել համակերպվել հուսահատության հետ: Կարծում եմ` մենք պետք է նոր մշակույթ բերենք և անուններով ու հասցեներով խոսենք այդ մարդկանց մասին: Կոնկրետ օրինակները շատ կարևոր են, այդ մարդիկ մեր ժամանակների հերոսներն են և նրանց օրինակները պետք է ոգևորեն մյուսներին»,- ասել է Նիկոլ Փաշինյանը և ներկայացրել «Թեյան» անունով հայկական թեյերի արտադրություն հիմնած Աստղիկ Գալստյանի և Վարդան Հարությունյանի,  երևանցի կավագործ Ռուբեն Գևորգյանի օրինակները:

«Վերջինս ընդամենը փողոցում մանրավաճառությամբ է զբաղված եղել, պարզապես չի համաձայնվել համակերպվել հուսահատության հետ և հիմա ստեղծում է գլուխգործոցներ: Այնպես չէ, որ նա միլիոնատեր է, բայց այնպես էլ չէ, որ ամենակարևորը փողն է: Մարդն օրվա վերջում բավարարված է լինում, որովհետև հասկանում է, որ ինչ-որ բան ստեղծեց, խնդիրներ ունի իր առաջ դրած, հաղթել է հուսահատությանը, հաղթել է «փողոցին», որտեղ մարդիկ 30 տարի սպասում են, թե ով պետք է գա` իրենց առաջարկի ներգրավվել ընտրական ընտրակեղծարարություններում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետն անդրադարձել է նաև Ռիտա Մարտիրոսյանի օրինակին, ով եղել է ուսուցչուհի և տեղափոխվել է Գեղարդ գյուղ` հիմնել դեղաբույսերի արտադրություն, Սամվել Գասպարյանին, ով սայլակին գամված որոշել է, որ ինքը կարող է իր մտքով հաղթահարել իր հաշմանդամությունն ու փայտից տարբեր իրեր է պատրաստում:

«Մարդն առավոտից երեկո աշխատում է: Այդ աշխատանքի իմաստը միայն այն չէ, թե ինչքան եկամուտ ստացավ, այլ մարդու ինքնագնահատականը, արժանապատվությունը, հավատը` սեփական ուժերի նկատմամբ, որ մարդը ոչ թե ձեռքը պարզած ինչ-որ մեկից ինչ-որ բան է աղերսում, այլ հավատում իր ուժին, մարդն ինքն իրեն է հարգում և արժանանում ուրիշների հարգանքին: Այս տրամաբանությունը Հայաստանում ունի հաջողություն և համոզված եմ, որ այս բոլոր մարդիկ հաջողություններ են ունենալու: Այն աշխատանքը, որի մեջ դրված է գաղափար, միտք, հայեցակարգ, կոնցեպցիա` հաջողություններ է ունենալու»,- ընդգծել է կառավարության ղեկավարը:

 Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ այս տարի Կենտրոնական բանկի պահուստավորած դոլարի ծավալն արդեն հասել է 171 մլն դոլարի: «Վերջին երեք օրվա ընթացքում այդ ծավալն ավելացել է 40 մլն դոլարով, ինչը նշանակում է, որ տնտեսության արյունատար օղակները բացվել են, և մեզ պետք են անհատական ջանքի օրինակներ: Այստեղ կարևորն աշխատանքը, ստեղծագործությունը, ինքներս մեզ, մեր երկրին, մեր ապագային, մեր տաղանդին հավատալն է: Յուրաքանչյուր մարդ տաղանդավոր է, բացառիկ, աշխարհում և Հայաստանում չկա ոչ տաղանդավոր մարդ, և մեր կառավարության առանցքային առաքելությունը մարդկանց աջակցելն է, որ նրանք հայտնաբերեն իրենց տաղանդը, որ հավատան իրենց տաղանդին»,- ասել է վարչապետը:

 Նիկոլ Փաշինյանի խոսքով`  սովորաբար տնտեսության զարգացում ասելով՝ նկատի են ունենում խոշոր բիզնեսը, կապիտալը: Վարչապետը նշել է, որ դժվար է գերագնահատել դրա դերը տնտեսության զարգացման գործում, բայց Հայաստանում այսպես թե այնպես խոշոր բիզնեսը կայացել է, ինքն իր հարցերը կլուծի: «Կառավարությունը նույնպես շահագրգռված է, որ խոշոր բիզնեսը հաջողություն ունենա, բայց մեր խնդիրն է, որ ձևավորվեն նոր խոշոր բիզնեսներ: Միաժամանակ, բիզնես միջավայրի, արտերկրից ներդրումներ ներգրավելու համար պետք է ցույց տալ, որ Հայաստանի Հանրապետությունը տաղանդավոր մարդկանց երկիր է: Պետք է աջակցել այսպիսի մարդկանց, ընդ որում, աջակցել խոսքով, գաղափարով, որովհետև Հայաստանում մեզ հաջողվել է հսկայական անհավատալի քաղաքական փոփոխություններ անել, որոնք արել ենք խոսքով և գաղափարով: Ոչ ոք թող չթերագնահատի խոսքի և գաղափարի ուժը: Մենք հավատում ենք խոսքին, մարդկանց, Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին և ՀՀ քաղաքացին պետք է շարունակի իր հաղթարշավը»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը շնորհակալություն է հայտնել բոլոր այն մարդկանց, ովքեր քարը դրել են քարի վրա: «Նրանք նույնպես մեր ժամանակների հերոսներ են: Մեր ժամանակները հերոսանալու ժամանակներ են: Հայաստանի Հանրապետության հարյուր հազարավոր քաղաքացիներ արդեն հերոսացել են քաղաքական ասպարեզում և պետք է հերոսանան նաև տնտեսական ասպարեզում»,- նշել է Նիկոլ Փաշինյանը:

«Իմ քայլը հանուն Տավուշի» համաժողովը նպատակ ունի տեղի և օտարերկրյա ներդրողներին ներկայացնել մարզի հեռանկարային և գերակա  ոլորտների ներուժը, նպաստավոր գործարար միջավայրի ապահովման գործիքները, ներդրումներ ներգրավելու,  նոր գործարար կապեր հաստատելու, ինչպես նաև քննարկումների և փորձի փոխանակման միջոցով արդյունավետ նոր բիզնես մոդելներ ստեղծելու հնարավորությունները:

Միջոցառման ընթացքում առանձին տաղավարներով ներկայացվել են Տավուշի մարզում արտադրվող գյուղմթերքի, վերամշակող և այլ ոլորտների ցուցահանդեսային նմուշներ, որոնց կծանոթանա նաև վարչապետ Փաշինյանը:

 Համաժողովին ներկա են և ելույթներով հանդես են եկել նաև Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփը, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Գոնզալո Սեռանո Դե Լա Ռոսան: Համաժողովին մասնակցում են ՀՀ կառավարության անդամներ, Ազգային ժողովի պատգամավորներ, միջազգային կազմակերպությունների ղեկավարներ, Հայաստանում տարբեր երկրների դեսպաններ և հյուպատոսներ, հայ և օտարազգի գործարարներ, ներդրողներ:

Տեսանյութեր

Լրահոս