16-ամյա պատանուն մեղադրանք է առաջադրվել՝ 35-ամյա տղամարդու առողջությանը ծանր վնաս պատճառելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Գորիսի քննչական բաժնում ավարտվել է անչափահասի կողմից Գորիս համայնքի 35-ամյա բնակչի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Մինչդատական վարույթում ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019 թվականի մայիսի 15-ին՝ ժամը 14:30-ի սահմաններում, Սյունիքի մարզի անչափահաս բնակիչը՝ ծնված 2003 թվականին, քրոջ հետ կապված հարցերի շուրջ պարզաբանումներ ստանալու համար, կանգնեցրել է Գորիսի բնակիչ, 1986թ. ծնված տղամարդու կողմից վարած ավտոմեքենան, ապա նստել ավտոմեքենայի դիմացի ուղևորի նստատեղին և նրա հետ խոսակցություն ունենալու ընթացքում իր մոտ գտնվող սուր կտրող-ծակող գործիքով դիտավորությամբ երկու անգամ հարվածել վերջինիս՝ պատճառելով ձախ նախաբազկի վերին երրորդականի առաջադրսային մակերեսի կտրած-ծակած վերքի, կրծքավանդակի առաջային պատի կտրած-ծակած՝ որովայնի խոռոչ թափանցող և իր ընթացքով աջ ստոծանու և լյարդի աջ բլթի վնասումով, կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ Սյունիքի մարզի՝ 2003թ. ծնված բնակչին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է հսկողության հանձնելը:
Հայտարարվել է նախաքննության ավարտի մասին և քրեական գործը, մեղադրական եզրակացությունը հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ, ուղարկվել է նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին: