Բաժիններ՝

ԵՄ-ում կարող են հրաժարվել ԵՀ-ի ղեկավարի «գլխավոր թեկնածուի» համակարգից. Իտալիայի վարչապետ

Եվրամիության երկրների պետությունների ու կառավարությունների ղեկավարները կարող են Եվրահանձնաժողովի նոր նախագահին ընտրելիս հրաժարվել «գլխավոր թեկնածուի» համակարգից: Այդ մասին հայտարարել է Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն, որի խոսքը հունիսի 21-ին մեջբերել է ANSA գործակալությունը:

«Թեկնածուների հարցում որոշակի փակուղի է ստեղծվել, Տուսկին հանձնարարված է բանակցություններ վարել Եվրախորհրդարանի ներկայացուցիչների հետ եւ փորձել հաղթահարել «գլխավոր թեկնածուի» չափանիշները»,-ասել է Կոնտեն: Նրա խոսքով՝ «դա բխում է նաեւ Իտալիայի շահերից»: Դրա հետ մեկտեղ Իտալիայի կառավարության ղեկավարը չի նշել, թե Հռոմում ում կցանկանային տեսնել որպես Եվրահանձնաժողովի նոր նախագահ: «Թեկնածուն պետք է լինի ուժեղ ու հեղինակավոր»,-ասել է Կոնտեն:

Ինչպես արդեն տեղեկացվել է, Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները համաձայնության չեն եկել Եվրահանձնաժողովի նոր ղեկավարի շուրջ, բանավեճերը շարունակելու համար հունիսի 30-ին արտահերթ գագաթնաժողով է նշանակվել Բրյուսելում:

«Թեկնածուներից ոչ մեկը չունի մեծամասնություն, առայժմ վաղաժամ է խոսել անունների մասին: Մենք կրկին կհանդիպենք հունիսի 30-ի գագաթնաժողովում»,- հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Դոնալդ Տուսկը: Նա ընդգծել է, որ ԵՄ-ի ղեկավարները տրամադրված են փաթեթային որոշման հասնել ԵՄ-ի բոլոր հանգուցային պաշտոններում նշանակումների շուրջ:

Եվրահանձնաժողովի ղեկավարից բացի, նրանք պետք է որոշեն, Տուսկի հաջորդին Եվրախորհրդի նախագահի պաշտոնում, ԵՄ-ի արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցչին, որը կփոխարինի Ֆեդերիկա Մոգերինիին, Եվրախորհրդարանի նոր նախագահին՝ Անտոնիո Տայանիի փոխարեն եւ Եվրոպայի Կենտրոնական բանկի նախագահին՝ Մարիո Դրագիի փոխարեն: «Մենք մտադիր ենք գտնել փաթեթային լուծում, որը կարտացոլեր Եվրամիության ողջ բազմազանությունը: Առայժմ ես կշարունակեմ կոնսուլտացիաները Եվրոպական խորհրդարանի հետ»,- ասել է Տուսկը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս