«Ոչ ոքի թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել իրենց անձնական նպատակներին հասնելու համար». Հայկ Ալումյան՝ Մարտի 1-ի զոհերի  գործի ընթացքի մասին

«Սա ուղղակի աննախադեպ երևույթ է, երբ պաշտպանական կողմին թույլ չեն տալիս միջնորդություններ անել ամբողջ դատավարության ընթացքում, իսկ այն փուլում, երբ արդեն գալիս է պաշտպանական կողմի ելույթի հերթը, ապա միջնորդություն ներկայացնելու փաստը դիտում են՝ որպես իրավունքի չարաշահում, և այդ հիմքով պաշտպանական կողմին զրկում են ելույթ ունենալու հնարավորությունից։ Առաջին իսկ դատական նիստից սկսած, երբ որ մենք հայտարարեցինք, որ ունենք միջնորդություններ, և քանի որ նման դատավարությունների դեպքում օրենքը չի կանոնակարգում, մենք խնդրեցինք դատավորին ասել, թե երբ կարող ենք միջնորդություն ներկայացնել։ Դատավորը մեր ամեն այդպիսի խնդրանքին հայտարարում էր, որ կգա պատեհ պահը, և ինքն այդ մասին մեզ կասի։ Այդ պատեհ պահն այդպես էլ չեկավ»,- ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանն այսօր հրավիրած ասուլիսի ընթացքում։

Վերջինս նշեց նաև, որ, երբ դատավորը խոսքն արդեն իրենց էր հանձնել, եկավ մի պահ, որ իրենք որոշեցին միջնորդությունը ներկայացնել, քանի որ միջնորդությունը խնդրանք է քրեական դատավարությունն իրականացնող մարմնին։

«Եվ այդ ժամանակ դատավորը թույլ չտվեց մեզ միջնորդություն իրականացնել՝ դա համարելով իրավունքի չարաշահում։ Հնարավոր չէ իրավաբանական գնահատական տալ այս երևույթին, բժշկական՝ միգուցե։ Սա ոչ միայն օրենքում նկարագրված չէ, այլև իրավաբանական պրակտիկայում չհանդիպող դեպք է։ Սա փակուղային իրավիճակ է։ Մենք պարոն Դանիելյանի գործողությունների իրավական գնահատականը չենք կարողանում տալ, որովհետև սա նախադեպը չունեցող բան է։ Դատավորը պետք է լսի երկու կողմերին, լսված լինելը կողմերի իրավունքն է, բայց եթե դատարանն ուզում է կայացնել օրինական դատական ակտ, նա ինքը պետք է ցանկանա լսել բոլորին»,- ասաց Հայկ Ալումյանը՝ հավելելով, որ շուրջ 20 օրում հնարավոր չէ ծանոթանալ 85 հատորանոց գործի ողջ նյութերին, և եթե այդ պայմաններում նաև չի լսում մյուս կողմին, նրանց փաստարկները, մեջբերումները, էդպիսի դատարանի կայացրած ցանկացած դատական ակտ ի սկզբանե ապօրինի է։

Հայկ Ալումյանը հիշեցրեց, որ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն արդեն իսկ կանխորոշել էր, թե ինչով է ավարտվելու այս դատավարությունը։

«Նա ասել էր հետևյալը։ ՍԴ-ն ձգձգելու է գործի քննությունը, որպեսզի դատարաններին հնարավորություն տա ուղղել առաջին ատյանի դատարանների սխալը։ Այսինքն՝ պարոն Ջհանգիրյանը կանխատեսել էր, որ ՍԴ-ն պիտի ձգձգի գործի քննությունը ՍԴ-ում, Վերաքննիչը պիտի ուղղի առաջին ատյանի սխալը, այսինքն՝ պիտի բեկանի որոշումները, դրանից հետո կստացվի այնպես, որ ՍԴ դիմելու մասին որոշում այլևս գոյություն չունի։ Նա նաև կանխատեսել էր, որ ՍԴ-ն կամ չի քննի այս գործը, կամ եթե քննի, ապա՝ բոլորովին այլ կազմով։ Սրանից հետևում է, որ գործի քննությունը չի ավարտվել, բայց դատական ակտերը կայացվել են։ Իրենք վաղուց որոշել էին։ Եվ մենք հաղորդում էինք ներկայացրել Գլխավոր դատախազություն։ Երեկ պարզվեց, որ Ջհանգիրյանի կանխատեսումներն իրականանում են։ Եվ այս ամենը կապ ունի Ռ. Քոչարյանի գործի հետ։ Բայց չի կարելի ՀՀ ողջ արդարադատությունը ծառայեցնել մի նպատակի՝ պարոն Քոչարյանին կալանքի տակ պահելուն»,- ասաց փաստաբանը՝ նշելով, որ տարուց ավելի է, գործն ընթանում է, և բոլորն են տեսել, որ չկա մի օրինական ճանապարհ վերջինիս կալանքի տակ պահելու համար։

«Դատավորները հասկանում են, թե ինչ աստիճանի խախտումների են գնում։ 3 դատավոր ինքնաբացարկ հայտնեց, միայն թե այս գործը չքննի, գերադասեց պատժվել Բարձրագույն դատական խորհրդի կողմից (ԲԴԽ), միայն թե այս գործը չքննի։ Դավիթ Գրիգորյանը չուզեց գնալ այդ խախտումներին ու ազատ արձակեց պարոն Քոչարյանին։ Եվ շատ ավելի կոպիտ, ահասարսուռ միջամտություններ սկսվեցին. դատավորի հեռախոսահամարն ու տան հասցեն ձեռքից ձեռք էր փոխանցվում։ Հասկանալի է՝ դատավորն ինչ մեսիջ կարող է դրա տակ հասկանալ։ Գնալով՝ դատական համակարգը սկսում է զգալ՝ ինչ կեղծիքների ու խախտումների վրա է հիմնված այս գործը, և գնալով՝ գործադիրի համար ավելի բարդ է դառնում ստիպել դատական համակարգին՝ գնալու այդ խախտումներին։ Եվ ստիպելու ձևերը գնալով ավելի ու ավելի բիրտ են դառնում»,- նկատեց Հայկ Ալումյանը։

Խոսելով այն մասին, որ վերջին դատական նիստերին ներկա էին նաև տուժողների իրավահաջորդները, Հայկ Ալումյանն ասաց.

«Դահլիճում մարդ չկա, ով չի կիսում այդ մարդկանց վիշտը, դահլիճում, և ոչ միայն այնտեղ, չկա մի մարդ, որ, եթե հնարավորություն ունենար հետ բերել այդ երեխաներին, ամեն ինչ չաներ դրա համար, մենք խորապես ցավակցում ենք նրանց, բայց ոչ ոքի թույլատրված չէ այդ մարդկանց վիշտն օգտագործել իրենց անձնական նպատակներին հասնելու համար։ Նրանց օգտին բերված բողոքներն ամբողջությամբ հիմնված էին նրա վրա, որ Ռ. Քոչարյանը 10 զոհերի մեղավորն է, պիտի պատասխան տա, և այլն։ Ես ուզում եմ, որ բոլորը հասկանան, որ, եթե այդ 10 զոհերից գոնե մեկի համար Քոչարյանն անմիջական պատասխանատվություն ունենար, ու այդպիսի փաստ գոյություն ունենար, պատկերացնո՞ւմ եք, որ այդ փաստը քրեական գործի նյութերում չլիներ։ Այդպիսի փաստ գոյություն չունի։ Ավելին, եթե ՀՔԾ-ն կարողանար ստեղծել այդ փաստը, դա էլ կաներ։ Ուրեմն բոլորը պետք է հասկանան։ Պարոն Քոչարյանին 10 հոգուց գոնե մեկի սպանության փաստ չի վերագրվում։ Դրա համար այն մարդիկ, ովքեր տուժողների վիշտը փորձում են ուղղել մի կոնկրետ ուղղությամբ, ովքեր արդեն ապրիորի որոշել են, որ այդ մարդիկ սպանվել են կոնկրետ մի կողմից արձակված կրակոցներով, ուրեմն իրենք առնվազն լավ չեն անում, և բացի նրանից, որ օրենք են խախտում, նաև բարոյական որոշակի կանոններ են խախտում, և դրա մասին պետք է խոսվի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Gepostet von Sputnik Արմենիա am Freitag, 21. Juni 2019

Տեսանյութեր

Լրահոս