
«Վահե Գրիգորյանն ինքնահռչակ նախագահ է, նրա հայտարարությունը չի բխում Սահմանադրությունից». Գևորգ Պետրոսյան

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր, պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Գևորգ Պետրոսյանը լուրջ չի համարում Սահմանադրական դատարանի առջև քաղաքացիների բողոքի ակցիան:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ եթե խնդիր կա, դատարանի որևէ անդամ խախտել է օրենքը, նրան պատասխանատվության ենթարկելու հիմքերը և կարգը սպառիչ թվարկված են իրենքով:
«Ամեն անգամ քաղաքացիներին տանել դատարաների առաջ և ուղղորդել՝ թեկուզ ուղղակի կամ անուղղակի կոչերով, ես այդ ոճը չեմ ընդունում, և դա ճիշտ չէ, որովհետև այդ նույն քաղաքացին, եթե այսօր գնում է, ջանասիրաբար փակում է դատարանների դռները՝ կոնկրետ դատավորների հետ կապված, վաղն էլ փակելու է այսօրվա պաշտոնյաների և աշատանքային շենքերի դռները,- ասաց Գ.Պետրոսյանը և շարունակեց,- Վահե Գրիգորյանն ինքնահռչակ նախագահ է, նրա հայտարարությունը չի բխում Սահմանադրությունից, ավելին՝ հակասում է ՀՀ Սահմանադրության 213 հոդվածին, համաձայն որի՝ դատական իշխանության մասին Սահմանադրության 7-րդ գլուխը ուժի մեջ մտնելուց հետո ասում է՝ Սահմանադրության նախագահն ու անդամները պատոնավարում են մինչև իրենց լիազորությունների ավարտը:
Այսինքն՝ պետք է նրանց լիազորություններն ավարտվեն, կամ նրանք ՍԴ մասին օրենքով նախատեսված այլ հիմքով ազատվեն պաշտոնից, նոր արդեն նոր ընտրություն լինի, հետո իրենք իրենց կազմից ընտրեն նախագահ: Բայց այսօր լավ է, վատ է, ցանկալի է, անցանկալի է, ՍԴ նախագահը Հրայր Թովմասյանն է»:
Գ.Պետրոսյանը նշեց, որ միջազգային արձագանքը չի կարող դրական լինել այս ամենին: