«Գուցե մոռացել էր այդ մասը, գուցե չէին տեղեկացրել…». «Ահազանգ» նախաձեռնության անդամները ներկայացրին վարչապետի հետ զրույցի մանրամասները
Հարկային օրենսգրքի փոփոխությունների շուրջ քննարկումները շարունակվում են: Բարեփոխումների նախագիծը, սակայն, միանշանակ չի ընդունվել հասարակական, քաղաքական ու տնտեսագիտական տարբեր շրջանակներում։
ՀՀ իշխանությունները, նախաձեռնելով Հարկային օրենսգրքի փոփոխություններ, ցանկանում են համահարթեցնել եկամտահարկը` դրանով սպասարկելով հասարակության նեղ շերտի շահերը` ի հաշիվ հասարակության 65 տոկոս կազմող` միջին և միջինից ցածր երկամուտ ունեցող խավի ներկայացուցիչների շահերի` այդպիսով նպաստելով սոցիալական անարդարության խորացմանը և հասարակությունում առկա բևեռացվածության մակարդակի բարձրացմանը: Այս մասին նշում են ՀՅԴ ՀԵՄ «Ահազանգ» նախաձեռնության անդամները, ովքեր ի նշան բողոքի՝ ԱԺ դիմաց նստացույց էին կազմակերպել, որտեղ նրանց հանդիպել էր նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Բողոքի ակցիաների, նստացույցի ու վարչապետի հետ հանդիպման մանրամասները նախաձեռնության մի քանի անդամներ ներկայացրին նաև լրագրողների հետ հանդիպման ժամանակ։
«Ուսումնասիրել ենք մի շարք երկրների մոդելներ ու եկել այն համոզմանը, որ սա կարող է բերել հասարակության բևեռվածության, եկամուտների ոչ արդար բաշխման։ Ունեցել ենք մի քանի ակցիաներ, նամակներ ենք փոխանցել պատգամավորներին, հանդիպումներ ունեցել ԱԺ ֆրակցիաների հետ։ Վերջին ակցիան երկօրյա նստացույցն էր ԱԺ դիմաց, ու հիմա սպասում ենք Ազգային ժողովում օրենսդրական փաթեթի քննարկումներին` հասկանալու համար, թե ինչ է տեղի ունենում»,- նշեց նախաձեռնության անդամ Արգիշտի Գևորգյանը։
«Ահազանգ» նախաձեռնության մյուս անդամ Քրիստինե Վարդանյանն ասաց, որ իրենց միակ պահանջը պրոգրեսիվ արդար համակարգ ունենալն է. «Սա էլեկտրաէներգիայի թանկացում չէ, որ կոնկրետ է, և կարելի է քաղաքացուն միանգամից բացատրել` ինչի մասին է խոսքը:
Առաջին ընթերցումով անցավ օրինագիծը, երկրորդ ընթերցումն էլ առաջիկա օրերին կլինի, բայց հույս ունենք, որ պատգամավորները քաջ կգիտակցեն` ինչին են կողմ քվեարկում»։
Ի դեպ, Քրիստինե Վարդանյանի հետ զրույցում վարչապետն ասել է, որ ընդունելով հանդերձ նրանց տեսակետը՝ իր վերջնական տեսակետը կձևավորի համակարգի գործարկումից հետո միայն՝ հաշվի առնելով վերջինի ազդեցությունը ստվերային աշխատավարձերի վրա, ապա բերել է Վրաստանի օրինակը։
«Մենք ստիպված եղանք հիշեցնել, որ Վրաստանում խորացել է նաև անհավասարությունը, և Վրաստանն անհավասարության ինդեքսով ամենաանհավասար երկրներից է նախկին ԱՊՀ տարածքում։
Ինքն անդրադարձավ նաև նրան, որ պարտադիր կուտակայինի վճարը չի ավելանում։
Գուցե մոռացել էր այդ մասը, գուցե չէին տեղեկացրել…»,- հավելեց Ք. Վարդանյանը՝ հիշեցնելով, որ սույն փոփոխություններով ավելանում է նաև պարտադիր կուտակային բաղադրիչը։
Ըստ ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի՝ ներկայացված նախագիծը դժվար է որպես հարկային բարեփոխում որակել. «Սա փոփոխություն է, որն ունի կասկածելի սկիզբ ու կասկածելի հետևանքներ կարող է ունենալ»։
Նա համոզված է, որ նախագիծը երկար կյանք չի ունենալու, ու վերադարձը նորից պրոգրեսիվ հարկմանն անխուսափելի է լինելու. «Աշխարհում չկա որևէ սոցիալական և տնտեսական կարգ ունեցող երկիր, որն ունի համահարթ եկամտահարկ։ Այսօր 610.000 աշխատող ՀՀ քաղաքացիների 71 տոկոսի համար որևէ դրական փոփոխություն նախագիծը չի ենթադրում։ Բացի այդ` բյուջեի հարկային մուտքերը նվազելու են 45 մլրդ դրամով, որը փոխհատուցվելու է անուղղակի հարկերի ավելացմամբ և գների բարձրացմամբ:
Խնդիրը սկզբունքն է, այսինք՝ դու զիջում ես գերբարձր եկամուտ ունեցողների եկամտահարկը, միլիոնավոր և միլիարդավոր դրամներ շահույթ ստացողների շահութահարկը, և այդ զիջման փոխարեն՝ առաջնային վճարողներն այդ կորուստների համար եկամուտների՝ հարկի տեսքով լինելու են սովորական քաղաքացիները, լայն հանրությունը, աշխատող աղքատները, ցածր եկամուտներով աշխատողները»։
Թ. Ավետիսյանը հիշեցրեց, որ գործող իշխանության դեկտեմբերի նախընտրական ծրագրում կարմիր թելի նման անցնում էր դրույթը, որ պետք է խթանվի արժանապատիվ աշխատանքը, մինչդեռ այժմ աշխատող աղքատներին համահարթ սկզբունքով հարկելով՝ որևէ բարելավում չեն իրականացնում։
168.am–ի հարցին, թե որոնք կլինեն քայլերն օրենքի ընդունումից հետո, Քրիստինե Վարդանյանը պատասխանեց, որ մինչև վերջ փորձելու են պայքարել բոլոր միջոցներով, որ այն չընդունվի։
Զարուհի Դիլանյան