«ՄԽ այս հայտարարությունը հայկական դիվանագիտության հերթական ձախողումն է, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել»
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր, արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Արման Բաբաջանյանը «չափազանց լղոզված» և «անատամ» է որակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների՝ Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքներով հրապարակված հայտարարությունը:
168.am-ի հետ զրույցում նա նշեց, որ վերջին շաբաթներին եղած կորուստների վերաբերյալ հայտարարության մեջ ընդամենն ափսոսանք է արձանագրվում, հղում չի արվում կարևոր փաստաթղթերին և այն կարելի է համարել հայտարարություն ոչնչի մասին։
Ըստ պատգամավորի՝ հայտարարության տեքստը որևէ օրգանական կապ չունի վերջին ամիսներին հակամարտության գոտում տեղի ունեցած իրադարձությունների ու զարգացումների հետ, մասնավորապես՝ վերջին ամիսներին Ադրբեջանի ակնհայտորեն կոշտացած հռետորաբանության ու դրանից բխող գործողությունների հետ, նաև Ադրբեջանի անցկացրած մի քանի խոշորամասշտաբ զորավարժությունների հետ, այդ թվում՝ Թուրքայի հետ Նախիջևանում համատեղ զորավարժությունները:
Ա.Բաբաջանյանը նկատեց, որ առաջիկայում Ադրբեջանը պատրաստվում է մեծամասշտաբ զորավարժություններ կազմակերպել Պակիստանի հետ։
«Կարծում եմ՝ հայկական կողմն առաջին հերթին ԵԱՀԿ ՄԽ մեր գործընկերներին այս ուղղությամբ պետք է զգուշացումներ, հորդորներ անի, որպեսզի մենք ավելի շատ կենտրոնանանք ոչ թե բուն գործընթացներին, որոնք տեղի են ունենում Ղարաբաղա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով, այլ նաև այն համատեքստի, որոնք կատարվում են Ադրբեջանի շուրջ և տարածաշրջանում ընդհանրապես: Հետևաբար՝ մտահոգիչ է, ես հույս ունեի, որ Վաշինգոտնում կարող է ավելի առարկայական խոսակցություն գնալ իրերի մասին, բայց խորը հիսաթափված եմ»,- ասաց Ա.Բաբաջանյանը:
Նա ընդգծեց, որ հայտարարության մեջ ոչինչ ասված չէ շփման գծում հրադադարի պահպանման պայմանավորվածությունների մասին, որևէ հղում կատարված չէ Ադրբեջանի համար կոնկրետ պարտավարություններ նախատեսող նախկին փաստաթղթերին։
Ա.Բաբաջանյանի կարծիքով՝ Մինսկի խմբի այս անբովանդակ հայտարարությունը կանաչ լույս է Ադրբեջանի համար ռազմատենչ հռետորաբանությունը շարունակելու ու դրանք ռազմական գործողություններով ամրապնդելու համար.
«Մինսկի խմբի այս հայտարարությունը հայկական դիվանագիտության հերթական ձախողումն է, որը կարող է ողբերգական հետևանքների հանգեցնել առաջնագծում և տարածաշրջանում»։