«Դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց, ինչով կոպտագույն կերպով խախտել է թե նրա կոնվենցիոն իրավունքները, թե քրդատում մրցակցության սկզբունքը». Հովհաննես Խուդոյան

«Փորձեմ համառոտ ներկայացնել վերջին օրերի պրոցեսի հետ կապված խնդիրները։ Նախ ասեմ, որ բոլորդ տեղյակ եք, որ դատարանում երկու հարց էր քննվում՝ իրար հետ չկապված կամ շատ աննշան կերպով կապված։ Մեզ համար անհասկանալի էր, թե ինչպես այդ երկու բողոքները սկսեցին քննվել նույն վարույթում։ Մի խնդիրը վերաբերում էր ՍԴ դիմելու և գործի վարույթը կասեցնելու ընթացքին, մյուսը՝ խափանման միջոցի հարցի քննարկմանը։ Միանգամից ասեմ, որ պարոն Քոչարյանի խափանման միջոցի հարցի քննարկում տեղի չի ունեցել առհասարակ։ Դատախազությունը ներկայացրել էր իր դիրքորոշումը։ Դատարանը զրկել է մեղադրյալին իր ազատության վերաբերյալ հարցի քննարկմանը մասնակցություն ունենալուց, ինչով կոպտագույն կերպով խախտել է թե մեղադրյալի կոնվենցիոն իրավունքները, թե ընդհանրապես քրեական դատավարությունում մրցակցության սկզբունքը։ Սա ծայրահեղ խայտառակ քայլ էր, որը դեռ իր շատ լուրջ հետևանքներն ունենալու է մեր դատական համակարգի համար»,- այսօր հրավիրած մամլո ասուլիսի ընթացքում ասաց Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Հովհաննես Խուդոյանը՝ նշելով, որ նման դեպք հայկական քրդատ պատմության մեջ չի եղել։

Անդրադառնալով այն հարցին, թե այս դատավարության ընթացքում ինչ կարող էր տեղի ունենալ, եթե պրոցեսը ընթանար իր հունով, Հ. Խուդոյանը նշեց, որ, նախ և առաջ, ինչպես արդեն նշվեց, հնարավոր չէ ՍԴ դիմելու դատարանի որոշումը ենթարկել բողոքարկման, և  դա միայն պաշտպանական կողմի դիրքորոշումը չէ։

«Քանի որ մենք զրկված էինք առարկություններ ներկայացնելու հնարավորությունից, կփորձենք համառոտ դրանք հիմա ներկայացնել։ Վերաքննիչ քրեական դատարանն ինքն իր կողմից նախկինում այլ գործով (դատավոր Իշխան Բարսեղյանի գործով) կայացված որոշումով արձանագրել է, որ, այո, թեև գործի կասեցումը կարող է բողոքարկվել, սակայն ՍԴ դիմել-չդիմելու հարցը բացառապես Ընդհանուր իրավասության դատարանի դատավորի հայեցողության հարցն է, և որևէ դատական ատյան չի կարող ասել՝ դատարանը կասկած կարո՞ղ է ունենալ, թե՞ չի կարող ունենալ։ Մենք խոսում ենք սահմանադրականության կասկածի մասին։ Դատավարությունից այնպիսի տպավորություն կարող էր ստեղծվել, որ մենք հենց տեղում քննարկում ենք՝ այդ նորմերը սահմանադրակա՞ն են, թե՞ ոչ»,- ասաց փաստաբանը՝ հավելելով, որ թեպետ իրենք վստահ են, որ գործը պետք է կարճվի, սակայն հակասահմանադրականության կասկածի մակարդակով էլ իրենց համար այդ մոտեցումն ընդունելի էր։

«Մենք նախկինում նշել էինք, որ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածն իրավական որոշակիության խնդիր է ունեցել։ Որպես դրա հիմնավորում՝ ներկայացրել ենք, որ ԱԺ-ն փոփոխել է այդ օրենքը՝ դրանց հիմքում դնելով այն միտքը, որ օրենքը փոխվում է իրավական որոշակիությանը համապատասխանեցնելու համար։ Դրան ի պատասխան՝ Դատախազությունը ներկայացնում է ԱԺ-ի ինչ-որ իրավական մեկնաբանություն, որտեղ խորհրդատվության մակարդակով նշել են, որ որոշակիության խնդիր չկա։ Մենք չենք պնդում, որ ճիշտ ենք մենք կամ Դատախազությունը. Ի վերջո, որոշում կայացնողը դատարանն է, բայց երբ որ դատարանն իր ձեռքի տակ ունենում է երկու իրարամերժ փաստաթուղթ, առնվազն կասկած առաջանում է, և դատարանը դիմում է ՍԴ»,- ասաց Հովհաննես Խուդոյանը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Ռոբերտ Քոչարյանի փաստաբանների ասուլիսը

Gepostet von Sputnik Արմենիա am Freitag, 21. Juni 2019

 

Տեսանյութեր

Լրահոս