Եթե Վահե Գրիգորյանը այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում. Դավիթ Հարությունյան
Վահե Գրիգորյանը անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ կհայտնվի քրեական տիրույթում։ Նման կարծիք NEWS.am–ի հետ զրույցում հայտնեց Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի նորընտիր անդամ Վահե Գրիգորյանի` ԱԺ-ում արված սկանդալային հայտարարությանը։
Ըստ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունը չի բխում ՀՀ սահմանադրությունից։
«Փորձել արհեստական տարանջատում մտցնել Սահմանադրական դատարանի անդամի և Սահմանադրական դատարանի դատավորի միջև, այնքան արհեստական է, որ հասնում է անհեթեթության։ Սահմանադրության անցումային դրույթները, որոնք շատ կարևոր են, պարունակում է հստակ դրույթ. ՍԴ նախագահի մասով հստակ նշված է, որ մինչև Սահմանադրության 7–րդ գլխի ուժի մեջ մտնելը՝ 2018թ. ապրիլի 9–ը նշանակված Սահմանադրական դատարանի նախագահը, շարունակում է պաշտոնավարել մինչև իր լիազորությունների ժամկետի ավարտը։ Հայերենին տիրապետող ցանկացած անձի առաջարկում եմ բացել Սահմանադրության 213–րդ հոդվածը, ընթերցել թեկուզ 10 անգամ և փորձել գտնել որևէ դրույթ, որտեղ գրված է, որ նա չպետք է շարունակի, որ նա այլևս դատարանի նախագահ չէ»,–հայտարարեց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Հրայր Թովմասյանը պետք է շարունակի կատարել Սահմանադրական դատարանի նախագահի պարտականությունները։
Արդարադատության նախկին նախարարը նկատեց, որ, ցավոք, հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ստիպված են իրավական առումով փորձել հիմնավորել, թե ինչու է Վահե Գրիգորյանի արտահայտած միտքը սխալ.
«Ընդամենը պետք է բացել Սահմանադրության 213–րդ հոդվածը և կարդալ, վստահեցնում եմ, որ ցանկացած կիրթ, գրագետ մարդու համար բավարար է մեկ անգամ կարդալ այդ դրույթը՝ հասկանալու համար ԱԺ–ում հնչած հայտարարության մերկապարանոց լինելը»,–ասաց նա։
Ըստ Դավիթ Հարությունյանի՝ Վահե Գրիգորյանի հայտարարությունն ընդամենը քաղաքական նպատակահարմարությունից ելնելով փորձ է խեղաթյուրել Սահմանադրության իմաստը և դրանից եզրակացություններ անել։
Հարցին, եթե ի վերջո Վահե Գրիգորյանին հաջողվի նման եղանակով զբաղեցնել ՍԴ նախագահի աթոռը, ինչպես այդ փաստը կընկալվի միջազգային հարթությունում։
«Այս պահին, բացի քաղաքական չեզոքությունը խախտելուց, Վահե Գրիգորյանն ընդմանեը մի անհեթեթ միտք է ասել, և եթե այդ ուղղությամբ քայլեր անի՝ արդեն կհայտնվի քրեական տիրույթում»,–ասաց նա՝ նկատելով, որ ՍԴ անդամը պետք է զերծ մնար քաղաքական գնահատականներ հնչեցնելուց։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում։