«Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ. կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ». Պարգև Մարտիրոսյան
Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի մարտական դիրքերում մեծ ծավալի ինժեներական և ամրաշինական աշխատանքներ են կատարվում, որոնք բարձրացնում են անվտանգության մակարդակն ու բարելավում զինծառայողների առօրյա պայմանները:
Այս մասին մարտական դիրք այցելության ընթացքում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության Պաշտպանության բանակի N զորամասի հրամանատարի տեղակալ, փոխգնդապետ Պարգև Մարտիրոսյանը:
«Մարտական դիրքերում վերջին ժամանակներս իրականացվել են ահռելի ինժեներական, ամրաշինական աշխատանքներ: Կառուցվել են խրամաբջիջներ, խրամատներ: Բոլոր դիտարկվող ճանապարհները փակվել են փոս-ճանապարհներով: Ինչպես նաև բոլոր մարտական դիրքերը ապահովվել են մշտական հոսող խմելու ջրով: Բոլոր դիրքերում կառուցվել են նաև բաղնիքներ, որտեղ անձնակազմն ամեն օր լոգանք է ընդունում»,- ասաց Մարտիրոսյանը:
Փոփոխության է ենթարկվել նաև զինծառայողների համար նախատեսված սնունդը: Զորամասի հրամանատարի տեղակալը նշում է, որ սննդից բողոքողներ այժմ չկան:
«Սննդի տեսականին փոխվել է: Անձնակազմն այս պահին գոհ է տեսականուց: Այժմ աշխատանքներ են տարվում, որ ամառային ժամանակահատվածում անձնակազմին ապահովեն նաև բանջարեղենային սնունդով»,- նշեց փոխգնդապետը:
Այս պահի դրությամբ փորձարկման մեջ են նաև զինվորների համար նախատեսված նոր ճտքակոշիկները, որոնց վերաբերյալ զորամասի անձնակազմը բողոքներ չունի: