ԵՄ-ի գագաթնաժողովը հանձնարարել է ԵՀ-ին՝ Թուրքիայի դեմ միջոցներ ձեռնարկել Կիպրոսի ԲՏԳ-ում նրա գործողությունների պատճառով
Եվրամիության պետությունների ու կառավարությունների ղեկավարները հանձնարարել են Եվրահանձնաժողովին՝ Թուրքիայի նկատմամբ միջոցներ նախապատրաստել Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում (ԲՏԳ) նրա անօրինական գործողությունների պատճառով: Այդ մասին ասված է ԵՄ-ի՝ Բրյուսելում կայացած գագաթնաժողովի հայտարարության մեջ:
«Եվրոպական խորհուրդն ընդգծում է այն լուրջ անմիջական բացասական ազդեցությունը, որը նման անօրինական գործողություններն ունենում են ԵՄ-ի եւ Թուրքիայի փոխհարաբերությունների ողջ սպեկտրի վրա: Եվրախորհուրդը կոչ է անում Թուրքիային՝ դրսեւորել զսպվածություն, հարգել Կիպրոսի ինքնիշխան իրավունքները եւ ձեռնպահ մնալ նմանօրինակ ցանկացած գործողությունից: Եվրախորհուրդը հանձնարարել է Եվրահանձնաժողովին եւ ԵՄ-ի արտաքին քաղաքական ծառայությանը՝ անհապաղ ներկայացնել համապատասխան միջոցառումների տարբերակներ»,-նշվում է փաստաթղթում:
ԵՄ-ի ղեկավարներն ընդգծել են, որ լրջորեն անհանգստացած են Թուրքիայի գործողություններից: «Եվրախորհուրդն ափսոսանք է հայտնում, որ Անկարան մինչ այժմ չի պատասխանել այդ գործունեությունը դադարեցնելու ԵՄ-ի քանիցս արված կոչերին,-ասված է հայտարարության մեջ:-ԵՄ-ն կշարունակի ուշադիր հետեւել իրադարձությունների զարգացմանը եւ պատրաստ է արձագանքել համարժեք եւ Կիպրոսի հետ լիակատար համերաշխությամբ», հաղորդել է ՏԱՍՍ-ը: