«Կոչ եմ անում բոլորին՝ այսօր կրկին հավաքվել 19:00-ին». Գրիգոլ Վաշաձե
«Միասնական ազգային շարժում» վրացական ընդդիմադիր կուսակցության նախագահ Գրիգոլ Վաշաձեն կոչ է արել կողմնակիցներին հունսի 21-ին ժամը 19:00-ին վերսկսել բողոքի ակցիան Թբիլիսիի կենտրոնում:
Ներկայում Ռուսթավելիի պողոտան եւ խորհրդարանի շենքին հարող տարածքը ազատված է ցուցարարներից եւ հսկվում է իրավապահների կողմից: «Կոչ եմ անում բոլորին՝ այսօր կրկին հավաքվել 19:00-ին: Ղեկավարությունից պահանջելու ենք համարժեք գործողություններ: Իշխանությունները պետք է սկսեն խոսել, բավական է հանդուրժել այս ամենը»,-հայտարարել է Վաշաձեն լրագրողներին:
Նա նշել է, որ հանրահավաքի մասնակիցները չէին գրոհի խորհրդարանի շենքը, եթե հաշվի առնվեին խորհրդարանի խոսնակի եւ ՆԳ նախարարի պաշտոնաթողության՝ ընդդիմության պահանջները: Ոստիկանությունը լույս հունիսի 21-ի գիշերը ցրել է բազմահազարանոց հանրահավաքը Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի մոտ: Հանրահավաքի մասնակիցների դեմ կիրառվել են ջրանետներ, ռետինե փամփուշտներ եւ արցունքաբեր գազ:
Տուժել Է շուրջ 70 մարդ, այդ թվում՝ տասնյակ ոստիկաններ: Ինչպես հայտնել են վրացական ԶԼՄ-ները, բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ: Բողոքներն սկսվել են սկանդալից հետո՝ կապված Պեդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի այցի հետ, որն զբաղեցնում է Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի ղեկավարի պաշտոնը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: