«Պատրա՞ստ եք ներկայացնելու Ձեր ունեցվածքի և բիզնես-քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկատվություն». Լենա Նազարյանը՝ ԲԴԽ անդամի թեկնածուին

Ազգային ժողովում քննարկվում է ԲԴԽ անդամի ընտրության հարցը, թեկնածուն փաստաբան Գրիգոր Բեքմեզյանն է։

Նրանից ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանը հետաքրքրվեց, որ երկար տարիներ լինելով իրավական ոլորտում, արդյո՞ք չի տեսել խնդիրներ, որոնց մասին չի բարձրաձայնել, գուցե նպատակ է ունեցել օրվա իշխանություններին հաճոյանալու, կամ այլ դրդապատճառներո՞վ չի խոսել խնդիրներից։

«Այո, խնդիրների բախվել եմ և ինչ-որ տեղ դրանք նաև հանրայնացրել եմ, իսկ այն խնդիրները, որոնք կարծել եմ, որ պետք է լուծվեն ոչ հանրայնացման միջոցով, փորձել եմ լուծել այլ եղանակով։ Երբեք խնդիր չեմ ունեցել օրվա իշխանությունների հետ լավ հարաբերություններ ունենալու համար, քանի որ երբեք իշխանություններից կախված ինձ չեմ համարել, հիմա էլ չեմ համարում։ Ինքս միշտ եղել եմ անկախ մարդ, որի հիմնական նպատակն է եղել՝ իրավաբանության մեջ անել այն, ինչն այդ պահին համարել եմ ճիշտ։ Ունեցել եմ դատական փորձ, որն ինձ համար ընկալելը շատ ծանր է եղել, քանի որ չեմ մտածել, որ նման բան հնարավոր է»,- պատասխանելով հարցին՝ նշեց Գ. Բեքմեզյանը։

Լենա Նազարյանը նաև հետաքրքրվեց՝ կարո՞ղ են վստահ լինել, որ որպես ԲԴԽ անդամ՝ համապատասխանում է վեթինգի չափանիշերին, քանի որ չի բացառվում, որ վեթինգ իրականացնի հենց ԲԴԽ-ն։

«Պատրաստ եք ներկայացնելու Ձեր ունեցվածքի և բիզնես -քաղաքական կապերի վերաբերյալ տեղեկատվություն։ Իհարկե, խոսքը քաղաքական գործիչների հետ ծանոթություններին չի վերաբերում, այսինքն՝ կան օրինականության առումով կասկած հարուցող կապեր կամ շահերի բախման ռիսկեր պարունակող կապեր, կարճ ասած՝ Դուք վեթինգը կանցնե՞ք»,- հարցրեց Լ. Նազարյանը։

Գրիգոր Բեքմեզյանը վստահեցրեց՝ վեթինգն անցնելու է։

«Դեռևս չգիտեմ, թե վեթինգի մեջ ինչ չափանիշեր են լինելու, բայց այն, ինչը ես գիտեմ այս պահի դրությամբ, մտածել եմ, և այո՛, կանցնեմ։ Եթե չանցնեմ, առաջին մարդը, որը դրա մասին բարձրաձայնելու է, կլինեմ ես»,- նշեց Գ. Բեքմեզյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս