«Բազմիցս քննարկել ենք, որ պետք է տեղադրվեն խլացուցիչներ». ԱԱԾ պետը՝ ՀՀ որոշ բնակավայրերի տարածքում թուրքական ռոումինգի միացման մասին
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկում, որպեսզի ՀՀ սահմանում թուրքական կամ ադրբեջանական հաղորդումները հասանելի չլինեն։
«Երևան-Մեղրի մայրուղու 33 կմ-ից սկսած մինչև 140 կմ-ն մեզ ուղեկցում են թուրքալեզու տարբեր հաղորդումներ, չգիտեմ՝ դրանք ադրբեջաներե՞ն են, թե՞ թուրքերեն, չեմ տիրապետում։ Հատկապես, երբ հասնում ենք սահմանամերձ Բարձրունի գյուղ, ադրբեջանական ալիքներ են հեռարձակվում։ Այսինքն՝ հեռուստատեսությամբ սահմանամերձ գյուղի բնակիչներն ամեն օր ահասարսուռ պատմություններ են լսում նրանց վայրագությունների մասին։ Հոգեբանական ճնշում է գործադրվում բնակչի վրա»,- ասաց պատգամավորը։
Պատասխանելով Սերգեյ Բագրատյանի հարցին՝ Արթուր Վանեցյանն ասաց, որ ՀՀ-ում կան տեղեր, որտեղ հարևան պետությունների բջջային օպերատորների կապն է միանում Հայաստանի բնակիչների հեռախոսներին։
«Նախկինում եղել է, տեսել ենք, որ մարդու հեռախոսն աշխատել է Թուրքիայի կամ Ադրբեջանի ռոումինգում, այնինչ մարդն այնտեղ չի եղել։ Բազմիցս քննարկել ենք, որ պետք է տեղադրվեն խլացուցիչներ ողջ սահմանագծով, այն շատ մեծ ծախսերի հետ է կապված, որպեսզի խլացուցիչները տարբերակեն մեր օպերատորների կամ հեռուստաընկերությունների հաճախականությունը և չխլացնեն ողջ տարածքը։ Կան նման կազմակերպություններ, բոլորի հետ էլ աշխատել ենք»,- ասաց ԱԱԾ պետը։
Զվարթ Խաչատրյան