«Բացառում եմ, որ կարող ենք ունենալ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը». ԱԱԾ պետը՝ ՀԱՊԿ անդամ երկրների միջև համաձայնագրի մասին
ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց Տեղեկատվական անվտանգության ապահովման ոլորտում հավաքական անվտանգության մասին պայմանագրի կազմակերպության անդամ պետությունների համագործակցության մասին համաձայնագիրը։
Նրա խոսքով՝ համաձայնագրի հիմնական նպատակներից է միջպետական համագործակցության հիման վրա ՀԱՊԿ անդամ պետությունների տեղեկատվական անվտանգության ապահովման հետագա զարգացումը, այդ ոլորտում սպառնալիքների հակազդման մեխանիզմների կատարելագործումը, ՀԱՊԿ անդամ երկրների տեղեկատվական տիրույթում ապօրինի գործունեության դեմ համատեղ հակազդեցությունը։
«Համաձայն Ֆինանսների նախարարության եզրակացության՝ համաձայնագիրը ենթակա է ԱԺ-ի կողմից վավերացման, այն Հայաստանի համար առաջացնելու է հավելյալ ֆինանսական պարտավորություններ, մասնավորապես՝ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման անհրաժեշտություն կառաջանա սերվերային, պաշտպանական և այլ տեխնիկական միջոցների ձեռքբերման, ծրագրային միջոցների, կադրերի պատրաստման համար։ Արդարադատության նախարարությունը ևս կարծում է, որ այս համաձայնագիրը ենթակա է վավերացման»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Նա նաև տեղեկացրեց, որ համաձայնագրի շրջանակներում ներդրվող համակարգը գործելու է մշտական, այն լինելու է փակ սիստեմ, որտեղ չեն կարողանալու ներթափանցել այլ օգտատերեր, սակայն չի բացառվում, որ կողմերից մեկը թույլ տա, որպեսզի կողմնակի անձինք կամ պետություն մտնի համակարգ։
Ինչ վերաբերում է Ադրբեջանին, որը լավ հարաբերությունների մեջ է ՀԱՊԿ անդամ որոշ երկրների հետ, և դրա հետևանքով հնարավոր ռիսկերին, ԱԱԾ պետը նշեց, որ Ադրբեջանի մասով չի կարող լինել տեղեկատվության հոսք, քանի որ համաձայնագիրը վերաբերելու է կոնկրետ ՀԱՊԿ անդամ պետությունների միջև տեղի ունեցող տեղեկատվական ապահովման անվտանգությանը, ինչը չի վերաբերելու Հայաստանի ներքին կյանքին։
«Բացառում եմ, որ կարող ենք ունենալ տեղեկատվության արտահոսք, որը կվնասի ՀՀ անվտանգությանը։ Սա մի համակարգ է, որը հեշտացնելու է աշխատանքը ՀԱՊԿ-ի շրջանակներում։ Համաձայնագիրը վավերացրել են Ռուսաստանն ու Բելառուսը, իսկ մյուս երկրների մասով նախագիծը գտնվում է խորհրդարանում»,- նշեց Արթուր Վանեցյանը։
Զվարթ Խաչատրյան