«Դե կտեսնենք, որ Ռուստամ Բադասյանից լավ արդարադատության նախարար չի եղել». ԱԺ նախագահ
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն այսօր խորհրդարանում անդրադառնալով պետական բյուջեի կատարողականին՝ հայտարարեց, որ բյուջեի կատարողականը կավելանա առնվազն 62 մլրդ դրամով, 51 հազար աշխատատեղ դուրս է բերվել ստվերից, հուլիսի 1-ից բարձրանալու են՝ զինծառայողների, իսկ սեպտեմբերի 1-ից` մանկավարժների աշխատավարձերը։
ԱԺ նախագահը թվարկեց նաև բազմաթիվ աշխատանքներ, որոնք իրականացվել են նոր Կառավարության օրոք՝ սկսած ճանապարահաշինարարության ոլորտից՝ մինչև դպրոցաշինություն։
«Այս ամենն ինչ է, եթե ոչ՝ վատ բյուջեի փայլուն դերակատարում։ Խոսում են կադրային քաղաքականությունից, ասում են՝ վարչապետը լավն է, բայց կադրային քաղաքականությունը՝ վատը։ Տիկնայք և պարոնայք, առաջարկում եմ ավելի կոնկրետ ասել, քանի որ էսպես օդի մեջ շատ վատ կադրային քաղաքականության մասին խոսելը մեզ հնարավորություն չի տալիս այդ ամենը շտկելու։
Օրինակ, Տիգրան Խաչատրյանը՝ Էկոնոմիկայի նախարարը, վա՞տ կադրային քաղաքականություն է, մի հատ նայեք այդ մարդու կենսագրությունը և ասեք։ Պարոն Ջանջուղազյանը հեչ պրոֆեսիոնալ չէ՞, Հակոբ Արշակյանը ոլորտի հետ ընդհանրապես կապ չունի՞, Արայիկ Հարությունյան, Արսեն Թորոսյան, այս «պատահական» մարդիկ ո՞նց եկան ոլորտները ղեկավարեցին։ Ռուստամ Բադասյանը դեռ չի նշանակվել, ասում են՝ վատ կադրային քաղաքականություն է, դե կտեսնենք, որ նրանից լավ արդարադատության նախարար չի եղել։ Մի տարի է՝ պաշտոնավարում ենք, ոչ մեկիդ երեխու հաշվին 10 մլն դրամ ի՞նչ է, որ չկա»,- նշեց ԱԺ նախագահը։
Զվարթ Խաչատրյան