«Պատերազմի աճի սպառնալիքին զուգահեռ՝ թանձրանում է  Հայաստան-Արցախ մշուշը». Գևորգ Պետրոսյանը՝ կառավարությանը

ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն այսօր խորհրդարանում՝ լսելով բյուջեի կատարողականի հաշվետվության վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփումը, նշեց, որ Հայաստանի համար բյուջեի կատարողականը Սահմանադրության կենսագործումն է, այսինքն, որ բյուջեն ծառայել է սոցիալական խնդիրների լուծմանը, ժողովրդավարության ամրապնդմանը, ինքնիշխանության ապահովմանը։

Այնուհետև՝ պատգամավորը նշեց մի շարք խնդիրներ, մասնավորապես, ապրանքների թանկացումը, արտագաղթը, զբաղվածության հետ կապված խնդիրները՝ ընդգծելով, որ այդ ամենը առնելով՝ չեն կարող կիսել Կառավարության դրական վերաբերմունքը հաշվետվության մասին։

«Այսօր չզբաղվածների բանակն ավելանում է զբաղվածների հաշվին՝ թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում։ Սոցիալական խնդիրները տեսանելի առաջընթաց չունեն, չեն լուծվում։ Պատերազմի աճի սպառնալիքին զուգահեռ՝ թանձրանում է  Հայաստան-Արցախ մշուշը։ Այս ամենը հաշվի առնելով, ինչո՞վ է բյուջեի կատարողականը դրական»,- դիմելով Կառավարությանը՝ նշեց պատգամավորը։

Ըստ նրա՝ վարչապետը հայտարարեց, որպեսզի պատգամավորներն իրենց տրամադրությունը բարձր պահեն, քանի որ Հայաստանում հարցերը լուծվում են, բայց բարձր տրամադրության համար չկան իրատեսական հիմքեր։

«Սա նույնն է, երբ մենք ուզենք ավելի գեղեցիկ կամ հզոր երևանք, բայց դրա համար պարարտ հող չկա, եթե պարարտ հող չկա, ապա այդ ցանկությունը մնում է անհաջողություն»,- շեշտեց Գ. Պետրոսյանը։

Զվարթ Խաչատրյան

Տեսանյութեր

Լրահոս