«Հեղափոխության իմաստը հետևյալն է, որ մենք յուրաքանչյուրին ասում ենք, որ՝ դու բացառիկ ու պոտենցիալ տաղանդ ես». Նիկոլ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում անդրադարձավ այն քննադատություններին, որ Կառավարության կառուցվածքային փոփոխությունը տևել է 6-7 ամիս։
Նա հաստատեց՝ այդքան է տևել փոփոխությունը, որպեսզի կարողանան իրենց դիրքորոշումը հստակ արտահայտել, հարցը քննարկել, և այլն։
«Կարծում եմ՝ սա Կառավարության այն կառուցվածքն է, որը պետք է աշխատի։ Կան գաղափարներ, որոնք պետք է իրականացվեն, դրանք քննարկելի են։ Ուզում եմ՝ մենք արձանագրենք մեկ բան, որ պետք չէ մեկ տարվանից ակնկալել 30 տարվա պրոբլեմների լուծումներ, շատ կարևոր եմ համարում, որ մենք այս արձանագրումն անենք։ Ենթադրենք՝ 200 հատ խոստում կա, արդեն նախորդ տարվա սեպտեմբերին ասում էին՝ խոստումները չեն կատարել, այսինքն՝ 30 տարվա պրոբլեմներն ու խոստումները պետք է 3 ամսում կատարվեի՞ն»,- ասաց վարչապետը։
Նրա խոսքով՝ այն փիլիսոփայությունը, որը դնում են տնտեսության զարգացման հիմքում, սկսում է աշխատել։ Սակայն այս պահին չի աշխատում այն ծավալներով, որը կցանկանար Կառավարությունը։
«Երբ նայում եմ ինֆորմացիոն դաշտը, կարդում եմ վերնագրեր, պնդումներ, հայտարություններ և այլն, թվում է, թե, երբ իմ աշխատասենյակի պատուհանից դուրս նայեմ, այնտեղ տարբեր ուղղություններով փախնող տարերային խմբեր եմ տեսնելու, ասենք՝ ինչ-որ մեկը ինչ-որ մեկից բան է խլում, մեկը գալիս է նրան պաշտպանում, և այլն։ Իսկապես այս բանը, որ կործանվեց, փլվեց, վերջացավ, վերջակետ էր, այս մեկ տարվա ընթացքում անընդհատ վերջակետ էր՝ ավարտվեց, պրծավ, փլվեց, հիմա մեր ազնիվ ցեղը կորչելու է զուր տեղը, և այլն։ Սա կոնկրետ պատերազմ է, եկեք վերնագրերը կարդացեք, ու դուրս գանք փողոց, գնանք գյուղեր։ Իհարկե, խնդիրներ կան, և դրանք լուրջ են, սակայն շատ կարևոր է, որ դրանց լուծման բանաձևը դնենք մեր գործողությունների հիմքում»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը։
Վարչապետը կրկին հիշեցրեց, որ 20 և ավելի տարիներ Հայաստանում գործել է մի իշխանություն, որն առաջնորդվել է հետևյալ փիլիսոփայությամբ՝ քաղաքացուն ասել են՝ սոված ես՝ վերցրու բրինձը, ձեթ, ատամներդ նայելու է՝ խմբակցական կուսակցություններն ատամնաբույժ կբերեն գյուղ, ատամները կնայի, ամեն ինչ տվել են ու քաղաքացուն ասել, որ նա չունի քաղաքացիական ինքնություն ու ինքնուրույնություն։
«Ասել են՝ մենք սուպերմեններ ենք, իսկ դուք ընդամենը մեզ սպասարկելու համար եք։ Հեղափոխության իմաստը հետևյալն է, որ մենք յուրաքանչյուրին ասում ենք, որ՝ դու բացառիկ ու պոտենցիալ տաղանդ ես։ Կառավարության փիլիսոփայությունն ու դերակատարությունը մենք տեսնում ենք սրա մեջ՝ քաջալերել յուրաքանչյուր քաղաքացու, որ նա հավատա իր ուժին։ Մենք տեսնում ենք, որ այսօր այդ փիլիսոփայությունն աշխատում է, որն ամեն օրվա հետ ավելի շատ է աշխատելու»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը։
Զվարթ Խաչատրյան