«Մեր սահմանները «կարմիր գիծ» են: Բոլոր նրանք, ովքեր կհատեն այդ սահմանը, չեն վերադառնա ու կոչնչացվեն». ԻՀՊԶ-ի ղեկավար
Թեհրանը չի պատրաստվում պատերազմ սանձազերծել, բայց լիովին պատրաստ է մարտական գործողություններին ագրեսիայի դեպքում: Այդ մասին հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների զորակազմի (ԻՀՊԶ) հրամանատար բրիգադի գեներալ Հոսեյն Սալամին:
«Մենք հայտարարում ենք, որ մտադիր չենք պատերազմ սարձազերծել որեւէ երկրի դեմ, բայց պատրաստ ենք ցանկացած մարտական գործողության Իրանի դեմ ագրեսիայի դեպքում: Ամերիկյան խոցված անօդաչուի հետ կապված միջադեպը դրա վկայությունն է»,-«Մեհր» գործակալությունը մեջբերել է Սալամիի խոսքը: Նա նաեւ նշել է, որ ԱՄՆ-ի հետախուզական անօդաչու սարքի ոչնչացումը հստակ ազդանշան է Վաշինգտոնին, որ Թեհրանը պատրաստ է պաշտպանել իր սահմանները:
«Մեր սահմանները «կարմիր գիծ» են: Բոլոր նրանք, ովքեր կհատեն այդ սահմանը, չեն վերադառնա ու կոչնչացվեն,-ասել է ԻՀՊԶ-ի ղեկավարը:-Մեր հակառակորդների համար միակ ճանապարհը Իրանի տարածքային ամբողջականության եւ ազգային շահերի հարգումն է»:
Press TV իրանական հեռուստաալիքը հունիսի 20-ին հայտնել է, որ ԻՀՊԶ-ի մարտիկները խոցել են Global Hawk հետախուզական անօդաչու թռչող սարքը:
Նշվել Է, որ անօդաչուն խփվել է Իրանի հարավի Խորմոզգանի նահանգի եերկնքում այն բանից հետո, երբ ներխուժել է երկրի օդային տարածություն:
ԱՄՆ-ի ներկայացուցիչները հերքել են Իրանի օդային տարածությունում իրենց անօդաչուի թռիչքների վերաբերյալ տեղեկատվությունը: Ավելի ուշ Reuters գործակալությունը, վկայակոչելով ԱՄՆ-ի զինված ուժերի մի ներկայացուցչի, հայտնել է, որ իրանական «երկիր-օդ» դասի հրթիռը ԱՄՆ-ի MQ-4C Triton անօդաչուն խոցել է Հորմուզի նեղուցում՝ միջազգային օդային տարածությունում: Թեհրանում շարունակում են պնդել, որ դրոնը խոցվել է երկրի օծդային տարածությունում, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը: