Գլխավոր դատախազը կոչ արեց բեկանել դատարանի որոշումը և կալանավորել Ռոբերտ Քոչարյանին
Վերաքննիչ քրեական դատարանում Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով բողոքների քննության ժամանակ մեղադրող կողմը՝ Դատախազությունը, ի դեմս գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի, հայտարարեց, որ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտը վերլուծելիս, որով Ռ. Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխվել է, խուսափել է սեփական գնահատականները հնչեցնել հիմնավոր կասկածի առնչությամբ։
«Զավեշտալի է, որ գործն ըստ էության քննության համար վարույթ ընդունած դատավորը ձեռքի տակ ունենալով ողջ գործի նյութերը, իր որոշման մեջ կրավորական կերպով արձանագրել է միայն հիմնավոր կասկածի առնչությամբ նախկին դատարանների դիրքորոշումները։ Դատավորն իրականացնելով շուրջ 3 օր տևած քննություն, մենք բազմիցս կրկնել ենք, որ այն ավելի շատ դատական վիճաբանության էր բնորոշ, ավելի շատ անդրադարձել է նախկին դատարանների դիրքորոշումներին»,- ասաց գլխավոր դատախազը։
Արթուր Դավթյանի բնորոշմամբ՝ այս ամենը ոչ այլ ինչ է, քան արդարադատություն իրականացնելուց խուսափելու միտում։
Նա նաև ընդգծեց, որ գործի հետ կապված՝ Առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանին չի հետաքրքրել մեղադրյալ Քոչարյանից ստանալ մի շարք հարցերի վերաբերյալ պարզաբանումներ, օրինակ՝ կաշառքի գործի առնչությամբ։
«Առաջին ատյանի դատարանն ապօրինի և անհիմն որոշում է կայացրել՝ մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց ընտրելով անձնական երաշխավորությունը։ Գտնում եմ, որ այդ որոշումն անհամաչափ է և ենթակա է բեկանել, և միակ համաչափ խափանման միջոցը մեր օրենսդրությամբ նախատեսված կալանավորումն է»,- նշեց Արթուր Դավթյանը։
Գլխավոր դատախազը նաև անդրադարձավ գործի քննության ընթացքում կողմերի դրսևորած վարքագծին՝ նշելով, որ պաշտպանական կողմից դատավորին ուղղվում են հորդորներ, սպառնալիքներ։
«Այն, որ յուրաքանչյուրն իր արարքի համար պետք է ենթարկվի պատասխանատվության արտահայտությունը, մեր ենթադրությամբ՝ հետապնդում է այլ նպատակ։ Ակնհայտ է, որ դա այդպես է, կարծում եմ՝ հենց այս դատավարությունը դրա վառ ապացույցն է։ Քանի որ նման արտահայտություն հնչեց նաև մեղադրվողի կողմից, մենք հույս ունենք, որ դատարանը գիտակցելով՝ չի տրվի տեղեկատվական և հոգեբանական այս և այլ ճնշումների և կկատարի իր վրա դրված պարտականությունները»,- շեշտեց Արթուր Դավթյանը։
Զվարթ Խաչատրյան