Բաժիններ՝

«Եթե թութունը սպառվեց, գյուղացին ի՞նչ պետք է անի». Հրաչ Բերբերյան

ՀՀ Առողջապահության նախարարությունը շրջանառության մեջ է դրել, այսպես ասած, ծխելու դեմ պայքարին ուղղված օրենքի նախագիծը:

Սպասարկման ոլորտի ներկայացուցիչների, տնտեսվարողների  կարծիքով՝ իրենց  գործունեության վրա էր ազդելու այս նախագիծը:

Նախագծով արգելվում է ծխախոտային արտադրատեսակների կամ դրանց պատկանելիքների կամ ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների կամ ծխախոտային արտադրատեսակների նմանակների վաճառքը կամ որևէ այլ եղանակով իրացումը՝ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների, առողջարանային հաստատությունների ներսում և դրանց շենքերի մուտքերից ուղիղ գծով ոչ պակաս, քան 10 մետր հեռավորության վրա: Նույնատիպ արգելք է գործելու նաև կրթօջախների, մշակութային կենտրոնների, գրադարանային և ժամանցային դեպքերում, բնակչության սոցիալական պաշտպանության հաստատությունների ներսում, պետական և տեղական ինքնակառավարման մարմինների շենքերի ներսում:

Այս նույն արգելքը՝ ծխախոտի իրացումը տարածվելու է հանրային սննդի օբյեկտներում՝ ճաշարաններ, ռեստորաններ, սրճարաններ, բարեր, բուֆետներ և խոհարարական արտադրանքի պատրաստման և իրացման այլ օբյեկտներում: Այն արգելվելու է մի շարք փակ, կիսափակ և բաց հանրային տարածքներում, տրանսպորտում:

Օրենքով սահմանված արգելքը խախտելու դեպքում տուգանք է սահմանված՝ 100 հազար դրամից մինչև 200 հազար դրամ, կրկնվելու դեպքում տուգանքը կհասնի մինչև 400 հազար դրամի:

Անցումային դրույթներից մեկով փակ տարածքներում ծխախոտային արտադրատեսակների, ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչների օգտագործումն արգելող նորմերն ուժի մեջ կմտնեն 2020 թվականի մայիսի 1-ից: Իսկ կիսափակ տարածքներում ծխելն արգելող նորմերն ուժի մեջ կմտնեն 2023 թվականի մայիսի 1-ից:

«Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավար Հրաչ Բերբերյանի կարծիքով՝ այս նախագիծը վնասելու է գյուղացիներին, ովքեր զբաղվում են թութունի մշակմամբ:

«Հայաստանն այն երկիրն է եղել, որ դարերով թութուն է մշակել, և դա եղել է կուլտուրա: 1000-ավոր ընտանիքներ այսօր զբաղվում են թութուն արտադրելով ու դրանով են գոյատևում: Հատկապես Տավուշի մարզում, Արցախում: ԱՄՆ-ի օրինակը բերեմ:  Վիրջինիա նահանգի ռեստորաններում ծխելն արգելված չէ, նոր եմ եկել այնտեղից: Ինչո՞ւ Վիրջինիա, որովհետև թութունի տեսակ է: Եթե թութունը սպառվեց, գյուղացին ի՞նչ պետք է անի:

Արտահանում ենք 30-ից ավելի երկիր, ծխախոտը՝ առանձին, թութունը՝ առանձին: «Գրանդ Տոբակոն» ամենախոշոր հարկատուներից մեկն է, և այսօր դրա դեմ պայքար սկսել, ինչ-որ առիթներ ման գալ, և այլն…»,- 168.am-ի հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց «Ագրարագյուղացիական միավորում» հ/կ ղեկավարը:

«Ես էլ եմ կողմ, որ քիչ ծխեն, բայց արտադրությանը չվնասելով: Պետությունը պետք է նպաստի, որ արտահանումն ավելանա, ոչ թե նվազի: Օրինակ, մենք մաքուր թութուն արտահանում ենք Ռուսաստան, հիմա ինչ, չարտադրե՞նք: Ես զարմանում եմ այսօրվա ղեկավարների վրա:

Ուրիշ բան է՝ կառավարությունը ծրագիր մշակի թութունի շահութաբերության վերաբերյալ, խթանի արտահանումը: Նույնը՝ ծխախոտի դեպքում: Բայց երբ ծրագիր չունես, ներքին շուկայում արգելելու դեպքում ի՞նչ է կատավելու, պահեստներում է մնալու՝ թափե՞ն»,- հարց բարձրացրեց Հրաչ Բերբերյանը:

Անի Կարապետյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս