«Դատական իշխանությունը գտնվում է գործադիրի կոշիկի տակ». Մանվել Գրիգորյանը կմնա կալանքի տակ
Վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ բողոքը՝ ուժի մեջ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը:
168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն անդրադառնալով դատարանի որոշմանը, նկատեց՝ դատական այս իշխանությունը չի կարող արդարադատություն իրականացնել, այն ամբողջովին թաղված է կեղտի և կոռուպցիայի մեջ։
«Այս դատական իշխանությունը չի կարող արդարադատություն իրականացնել և գտնվում է գործադիրի կոշիկի տակ։ Եթե նախկինում դրա մասին բարձրաձայնում էին միայն իրավապաշտպանները, օրեր առաջ դրա մասին բարձրաձայնեց նաև երկրի բարձրագույն իշխանությունը և դա ինքնանպատակ չէր։
Պետք է այդ համակարգը փոխվի, որն արդեն չարիք է հասարակության համար և այստեղ ոչ թե Մանվել Գրիգորյանի անձի խնդիրն է, այլ աղերս ունենք զուտ արդարադատության հետ կապված»,- ասաց Լևոն Բաղդասարյանը։
Նրա խոսքով՝ Մանվել Գրիգորյանի գործը գտնվում է Մարդու իրավունքների երվրոպական դատարանի տիրույթում, որտեղ առանջնահերթության կարգով քննվելու են անօրինական կալանքի և խոշտանգման հետ կապված հարցերը։
Փաստաբանը նաև արձանագրեց, որ Հայաստանում հեղափոխությունից հետո այն հավանաբար կլինի խոշտանգման առաջին գործը ՄԻԵԴ-ի տիրույթում, որը քննելուց հետո կտա իր գնահատականը։
Հարցին՝ դատարանն ի՞նչ հիմնավորմամբ է մերժել խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդությունը, փաստաբանը պատասխանեց, որ այս պահին հիմնավորումն իրենց ձեռքի տակ չկա, սակայն ինչպես նախկինում են մերժել միջնորդությունը և կատարել ընտրովի արդարադատություն, այնպես էլ գուցե հիմա են նույն հիմնավորմամբ մերժել։
«Անձը, որն ունի 33 հիվանդություններ, կարո՞ղ է խոչընդոտել գործի քննությանը: Ինչ վերաբերում է թաքնվելուն, մենք ունենք դատարանի օրինական ակտ, որ նա չի կարող թաքնվել»,- հավելեց Լ. Բաղդասարյանը։
Հարցին՝ դատարանի որոշումը կբողոքարկե՞ն Վճռաբեկ դատարանում, Լևոն Բաղդասարյանը պատասխանեց, որ ՄԻԵԴ-ի կողմից իրավունք է վերապահված բողոքը չսպառել ներպետական ատյաններում և ուղարկել Եվրոպական դատարան, բայց՝ անկախ այդ հանգամանքից, հնարավոր է՝ դիմեն նաև Վճռաբեկ դատարան։
Նշենք, որ Վերաքննիչ քրեական դատարանի որոշումը կարող է բողոքարկվել Վճռաբեկ դատարանում՝ հրապարակման օրվանից 15-օրյա ժամկետում:
Անդրադառնալով Մանվել Գրիգորյանի առողջական վիճակին, փաստաբանը տեղեկացրեց, որ իր պաշտպանյալի առողջական վիճակում գրանցվում է բացասական դինամիկա։
«Ամեն օր գրանցվում է բացասական դինամիկա, այդպես են վկայում բժշկական բոլոր փաստաթղթերը և այդ ամենի պատասխանատուն արդեն ոչ թե լիազոր մարմինն է, այլ ՀՀ կառավարությունը, քանի որ, ինչպես նշեցի, այս գործն արդեն գտնվում է ՄԻԵԴ-ի տիրույթում»,- եզրափակեց Լևոն Բաղդասարյանը։
Զվարթ Խաչատրյան