Բաժիններ՝

Գագիկ Ծառուկյանին թույլ չտվեցին սեփականաշնորհել Աբովյան 9 հասցեի տարածքը

ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությանը հանձնված պետական գույքը «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) առաջնորդ, Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի (ՀԱՕԿ) նախագահ Գագիկ Ծառուկյանն այդպես էլ չհասցրեց սեփականաշնորհել: Աբովյան 9 հասցեն երկու տասնամյակ շահագործելուց հետո փաստացի  այն կվերադարձվի Կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման կոմիտեին:

Գաղտնիք չէ, որ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք նա մեկ-երկու անգամ փորձել է նախարարությունն իրենով անել՝ Երևանի փոքր Կենտրոնում հերթական հյուրանոցը կառուցելու նպատակով: Մինչդեռ  նախկինում իշխող քաղաքական ուժի՝ Հայաստանի Հանրապետական կուսակցության (ՀՀԿ) հետ կոալիցիոն կառավարության մաս կազմելու շրջանում և դրանից հետո էլ ԲՀԿ առաջնորդը չհաջողեց իր այդ գաղափարն ու սպասված գործարքն իրագործել:

168.am-ի աղբյուրի փոխանցմամբ՝ նույն ջանքերը Գագիկ Ծառուկյանը  գործադրել է ընդհուպ հեղափոխական կառավարության հետ փոխհարաբերությունների ընթացքում, սակայն ոչինչ չեն խոստացել:

Թերևս, կասկած չկա, որ հետագայում, եթե կառավարությունն այդուհանդերձ որոշի օտարել նույն գույքը, դժվար թե Գ. Ծառուկյանի նկատմամբ  հատուկ վերաբերմունք դրսևորի, մանավանդ, որ վարչապետի գլխավորած քաղաքական իշխող ուժի հետ ԲՀԿ-ն այլևս փայլուն հարաբերությունների հույս չունի:

Այստեղ, ինչպես ասում են, մի «բայց» կա։ Ծառուկյանի հոգեհարազատ շենքի առաջին հարկը շարունակում է մնալ իր շահագործման տակ։ Դեռևս 2004թ.-ից՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած շրջանում ձեռք բերված պայմանավորվածության համաձայն՝ Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեն տեղակայված է այստեղ:

Նույն շրջանում էր նաև, որ Ծառուկյանին թույլ տրվեց զբաղեցնել նախարարության մի հատվածը՝ Սպորտի կոմիտեի հատվածը, ինչպես նաև շենքի նկուղային հարկը, ծառայեցնել իր մասնավոր բիզնեսին: Ուշագրավ է այն, որ ՀԱՕԿ նախագահին պատկանող խանութը նախարարության նկուղային հարկից նախարարությանը մարզական հագուստ և պարագաներ է վաճառում, ընդ որում՝ նաև  պետպատվերի շրջանակներում:

Հիշեցնենք, Կառավարության իրականացրած կառուցվածքային փոփոխությունների հետևանքով օպտիմալացված նախարարություններից մեկը ՀՀ Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունն է: Մեկ փոխնախարարով և մեկ-երկու ձևավորվող վարչություններով հանդերձ՝ նախարարությունը միաձուլված կգործի այլևս ՀՀ Կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կազմում: Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության ողջ անձնակազմը հունիսի 1-ից ազատել է շենքի երկու հարկերը:

Աբովյան 9 հասցեի եռահարկ շենքում  այժմ միայն Գագիկ Ծառուկյանի գլխավորած Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն է (ՀԱՕԿ) շարունակում մնալ և սպորտային  խանութը:

Երեկ մենք մի քանի անգամ փորձեցինք կապ հաստատել նաև Գ. Ծառուկյանի մամուլի խոսնակ, ԱԺ պատգամավոր Իվետա Տոնոյանի հետ, սակայն ապարդյուն։ Նա չէր պատասխանում մեր հեռախոսազանգերին։

Սյուզի Բադոյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս   Հուլիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930