
Փարիզի Աստվածամոր տաճարի համար խոստացված նվիրատվություններից արվել է միայն 9 տոկոսը. Franceinfo

Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման համար խոստացված նվիրատվություններից ընդամենը 9 տոկոսն է արվել հրդեհից գրեթե երկու ամիս անց:
Ինչպես հունիսի 14-ին հայտնել է Franceinfo ֆրանսիական ռադիոկայանը, խոսքը վերաբերում է 850 մլն եվրո ընդհանուր գումարից այն 80 մլն եվրոյին, որն առաջարկվել է չորս հիմնադրամների եւ պետությանը։
Նրա տեղեկությունների համաձայն, միջոցները տրվում են գլխավորապես մասնավոր անձանց կողմից՝ բանկային փոխանցումների եւ չեկերի միջոցով: 200 մլն եվրո Առնոների ընտանիքից ու նրան պատկանող LVMH – Louis Vuitton Moet Hennessy խմբից եւ 100 մլն եվրո՝ ֆրանսիացի միլիարդատեր գործարարներ Պինոների ընտանիքից, որը Artemis եւ Kering ընկերությունների սեփականատերն է, վերակառուցման կոնկրետ փուլերի համար աստիճանաբար կփոխանցեն՝ նախահաշվին համապատասխան:
Առանձին ընկերություններ եւ մասնավոր անձինք արդեն հայտարարել են, որ հրաժարվում են նվիրատվություններ անելու մտադրությունից, քանի որ միջոցների հանգանակման արշավն առանց իրենց օգնության էլ հաջողությամբ է ընթանում:
Ֆրանսիայի Ազգային ժողովը (խորհրդարանի ստորին պալատ) մայիսին հավանություն է տվել հրդեհից տուժած Փարիզի Աստվածամոր տաճարի վերականգնման օրինագծին: Այն հարկային արտոնություններ է նախատեսում է այն մարդկանց համար, որոնք նվիրատվություններ կանեն տաճարի վերանորոգման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը: