Բաժիններ՝

Ամերիկյան ընկերությունը պատրաստ է 52 մլն դոլարի դիմաց զբոսաշրջիկների ուղարկել Միջազգային տիեզերակայան

Bigelow Aerospace ամերիկյան ընկերությունը պատրաստ է մեկ տեղի համար 52 մլն դոլար գնով զբոսաշրջիկների ուղեւորություն կազմակերպել Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ): Այդ մասին ասված է ընկերության հայտարարության մեջ, որը հրապարակվել է նրա պաշտոնական կայքում:

Այդ ծառայությունները տրամադրելու է ֆիրմայի ստորաբաժանումներից մեկը, որը կոչվում է Bigelow Space Operations (BSO): «Սկզբնական փուլում մեկ տեղի համար արժեքը կսահմանվի մոտավորապես 52 մլն դոլարի չափով»,-նշվում Է փաստաթղթում:

BSO-ի ներկայացուցիչները 2018 թվականի սեպտեմբերին ապագա տիեզերական զբոսաշրջիկների համար տեղեր են ամրագրել SpaceX ընկերության Crew Dragon օդաչուավոր տիեզերանավերում:

Ինչպես հետեւում է հայտարարությունից, պայմանավորվածություններ են ձեռք բերվել չորս արձակումների շուրջ: Դրանցից յուրաքանչյուրը թույլ կտա ՄՏԿ ուղարկել չորս մարդու՝ «մեկից մինչեւ, հնարավոր է, երկու ամիս» ժամկետով»:

BSO-ում ճշտել են, որ թռիչքները հնարավոր կլինեն այն բանից հետո, երբ ԱՄՆ-ի օդագնացության եւ տիեզերական տարածության հետազոտման ազգային վարչությունը (NASA) պաշտոնական թույլտվություն տա Crew Dragon-ն այդ կերպ կիրառելու համար:
Ընթացիկ ամսին ավելի վաղ NASA-ն հայտարարել էր ՄՏԿ-ում առեւտրային գործունեությունն ընդլայնելու պլանների մասին:

Ինչպես նշել է տիեզերական գերատեսչության ֆինանսական վարչության ղեկավար Ջեֆ ԴեՎիթը, 2020 թվականից, մասնավորապես, NASA-ն կայան տիեզերական ճանապարհորդների ուղարկելու հնարավորություն կտրամադրի: ԴեՎիթի խոսքով՝ մեկ «ուղեգրի» արժեքը կկազմի շուրջ 58 մլն դոլար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս