ՀՀ նախագահը համագործակցության առաջարկներ և շնորհակալական նամակներ է ստանում «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը և նախագահի աշխատակազմը շնորհակալական նամակներ և տարբեր ոլորտներում Հայաստանի հետ համագործակցելու առաջարկներ են ստանում հունիսի 7-9-ը Դիլիջանում անցկացված «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ի մասնակիցներից:
Ռուսաստանի Դաշնության նախագահի՝ միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը, շնորհակալություն հայտնելով նախագահ Սարգսյանին միջոցառմանը մասնակցելու հրավերի համար, նշել է, որ երկօրյա «ուղեղային գրոհը» օգտակար էր ոչ միայն կազմակերպիչների, այլև մասնակիցների համար: «Համոզված եմ, որ « Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը, ինչպես նաև առաջիկայում նախատեսվող՝ ժամանակակից զարգացման հարցերին նվիրված մյուս միջազգային համաժողովները կարևոր դեր կխաղան հայ-ռուսական հարաբերություններում՝ ներգրավելով Ռուսաստանի առաջատար մասնագետների տնտեսության, բնական գիտությունների, հումանիտար ոլորտներից»:
Նախագահ Սարգսյանին իր շնորհակալությունն ու համագործակցության պատրաստակամությունն է փոխանցել Եվրոպական հարավային աստղադիտարանի գլխավոր տնօրեն, պրոֆեսոր Քսավիե Բարկոնը: «Մտքերի հայկական գագաթնաժողով»-ը կարևոր առիթ էր՝ հասկանալու Հայաստանի հեռանկարներն ու մեր նպաստը բերելու Ձեր երկրի զարգացման հնարավորություններին: Ես օգտվեցի առիթից՝ ընդգծելու, թե ինչպես կարող է հատկապես գիտական հարցերի շուրջ համագործակցությունը հանգեցնել համատեղ բարգավաճման»,- գրել է նա՝ հայտնելով աստղագիտության ոլորտում Հայաստանի գիտական ինստիտուտների հետ համագործակցության իրենց պատրաստակամությունը:
Մեծ Բրիտանիայի Քենթի համալսարանի պրոֆեսոր Ելենա Կորոստելևան նշել է, որ տպավորված է գագաթնաժողովի քննարկումների որակով և դրանց ռազմավարական բնույթով: Նա նշել է, որ միջոցառման ժամանակ շատ տաղանդավոր երիտասարդների է հանդիպել և առաջարկել է հաջորդիվ քննարկումներ նախատեսել նաև երիտասարդների համար:
Ֆրանսիայի Սեն Մալոյի տեխնոլոգիական համալսարանի պրոֆեսոր Ժան Ժակ Մոնթուան նույնպես համագործակցության պատրաստակամություն է հայտնել՝ նշելով, որ կցանկանար հնարավորինս օգտակար լինել Հայաստանին:
Նշելով, որ եղել է 80-ից ավելի երկրում, Bloomberg Media-ի գլոբալ տնօրեն Թոդ Բաերը գրել է. «Կարող եմ ասել, որ Հայաստանը յուրահատուկ երկիր է, ուր վստահաբար վերադառնալու եմ»: Գագաթնաժողովը Դիլիջանում կազմակերպելու և բարձր մակարդակով անցկացնելու համար հայկական կողմին իր շնորհակալությունն է հայտնել նաև գագաթնաժողովի համակազմակերպիչ, «The Monthly Barometer»-ի հիմնադիր Թիերի Մալըրեն: