«Ադրբեջանում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտը պատրաստվում է պատերազմի». Փորձագետը՝ Ադրբեջանի կողմից իրականացվող ակցիաների մասին
Ռազմական հարցերով փորձագետ, «Հայոց հզոր բանակ» հ/կ հիմնադիր նախագահ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում նկար էր հրապարակել, որտեղ Ադրբեջանի սահմանապահ զորքերը 5 կմ 100մ երկարությամբ Ադրբեջանի դրոշն են անցկացնում սահմանով:
«Դրոշն իրենց ուսերին տանում են 5000 զինծառայող ռազմական ուղղաթիռների և ռազմական տեխնիկայի ուղեկցությամբ: Այս ակցիան կրում է «Ծառայել հայրենիքին մեր երդումն է, մեր նպատակն է»։ Միջոցառումն ուղեկցվել է ռազմահայրենասիրական տարբեր միջոցառումներով, իսկ Էլչին Գուլիևը հայտարարել է, որ շուտով այդ դրոշն անցնելու է «թշնամու կողմից օկուպացված, իսկ մեր կողմից ազատագրված հողերով»,- գրել էր փորձագետը:
168.am-ի հետ զրույցում Կարեն Հովհաննիսյանն ասաց, որ Ադրբեջանի կողմից իրականացված այս ակցիան ուղղված էր ոչ թե հայ, այլ ադրբեջանցի հասարակությանը։
«Սա մեսիջ էր, որն ուղղված էր ադրբեջանցի հասարակությանը, և վստահորեն կարող եմ ասել, որ նրանք իրենց հասարակությանը պատրաստում են պատերազմի։ Սրա վառ ապացույցն ինչպես այս ակցիան էր, այնպես էլ՝ Նախիջևանում տեղի ունեցած հրաժեշտը՝ թուրք և ադրբեջանցի զինվորականների միջև։ Այստեղ շեշտադրումը դրել էին հենց սահմանապահ զորքերի հրամանատար Էլչին Գուլիևի հայտարարության վրա, որը նշել էր, որ դրոշն անցնելու է «օկուպացված տարածքներով»։ Այս ամենի հոգեբանական թիրախում ադրբեջանցի հասարակությունն է միայն»,- ասաց Կ. Հովհաննիսյանը։
Նրա խոսքով՝ սոցիալական ցանցերն ուսումնասիրելու արդյունքում հստակ է դառնում, որ Ադրբեջանում հասարակությունը պատերազմը սկսելու վերաբերյալ տարբեր կարծիք ունի, մեծամասամբ կողմ են, ինչը չի կարելի ասել Ադրբեջանից դուրս ապրող ադրբեջանցիների մասին՝ նրանք պատերազմ չեն ուզում։
«Ադրբեջանում թե՛ ընդդիմադիր, թե՛ իշխանական դաշտը պատրաստվում է պատերազմի և կոչեր են հնչեցնում, որ Արցախի հողերը պետք է ազատագրեն «օկուպացիայից»»,- եզրափակեց փորձագետը։
Զվարթ Խաչատրյան