Դատավորը հեռացավ Քոչարյանի և մյուսների գործով ինքնաբացարկի հարցով որոշում կայացնելու 

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով Դատախազության և տուժողների իրավահաջորդների ներկայացուցիչների բողոքները քննող Վերաքննիչ դատարանի դատավոր Արմեն Դանիելյանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ պաշտպանական կողմի ներկայացրած ինքնաբացարկի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու։ Դատական ակտը կհրապարակվի այսօր՝ ժամը 15:15-ին։

Տեղեկացնենք, որ Ռոբերտ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի պաշտպաններն ինքնաբացարկի միջնորդություն էին ներկայացրել դատարանին՝ կասկածի տակ դնելով դատավորի անկողմնակալությունը։

Պաշտպանական կողմը կասկածելի է համարում այն հանգամանքը, որ նույն դատավորին են մակագրվել թե՛ Քոչարյանին ազատ արձակելու, և թե՛ Քոչարյանի և մյուսների գործի վարույթը կասեցնելու և ՍԴ ուղարկելու դատարանի որոշման դեմ բողոքները։

Լրագրողների հետ ճեպազրույցում Հայկ Ալումյանն արձագանքեց հարցին, թե ինչ ընթացք ստացավ դիմումը, որով Ռ. Քոչարյանի պաշտպանական կողմը վերաքննիչից ցանկացել էր  ստանալ համակարգչում եղած տեղեկության այն հատվածը, որով պարզ կդառնար, թե ինչ ընթացակարգով էին միևնույն դատավորի՝ Արմեն Դանիելյանի մոտ երկու տարբեր ակտեր հայտնվել. «Մեզ չտրամադրվեց համակարգչի հիշողությունից այդ հատվածը, մեզ տրամադրվեց մի էջ էլեկտրոնային ձևով, որտեղ արդեն փաստված է, որ կալանավորման վերաբերյալ հարցը մակագրված է Արմեն Դանիելյանին. թե էդ հարցը ոնց է եկել-հասել պարոն Դանիելյանին, դա մեզ չտրամադրվեց, չտրամադրվեց նաև հիմք, իսկ երկրորդ դատական ակտի դեմ բերված բողոքը ոնց է հասել պարոն Դանիելյանի մոտ»։

Նշենք, որ Գլխավոր դատախազությունը բողոքարկել է մայիսի 18-ի՝ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորման որոշումը փոփոխելու և նույն դատարանի մայիսի 20-ի՝ քրեական գործի վարույթը կասեցնելու և Սահմանադրական դատարան դիմելու որոշումը:

Ռոբերտ Քոչարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասով և 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով` ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու համար: Քոչարյանի պաշտպանները պնդում են, որ նրա նկատմամբ քաղաքական հետապնդում է իրականացվում։

Հիշեցնենք, որ Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը մայիսի 18-ին, քննելով Քոչարյանի խափանման միջոցի հարցը, որոշել էր նրան ազատել կալանքից Արցախի Հանրապետության նախկին և ներկա նախագահներ Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի անձնական երաշխավորությամբ:

Երկու օր անց՝ մայիսի 20-ին, դատարանը որոշել էր կասեցնել Ռոբերտ Քոչարյանի, Յուրի Խաչատուրովի, Սեյրան Օհանյանի և Արմեն Գեւորգյանի գործի վարույթն ու այն ուղարկել Սահմանադրական դատարան` պարզելու համար այս գործով կիրառման ենթակա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-րդ հոդվածի 1-ին մասի և դրա հետ փոխկապակցված ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասի (մինչև 2009 թվականի մարտի 20-ին ընդունված ՀՕ-53-Ն օրենքի ուժի մեջ գտնվելը գործող խմբագրությամբ) համապատասխանությունը ՀՀ Սահմանադրության պահանջներին: ՍԴ–ն էլ օրերս որոշում է կայացրել մեկ ամսով երկարաձգել Քոչարյանի և մյուսների գործով դատավորի դիմումն ուսումնասիրելու ժամկետը։

 

Զարուհի Դիլանյան

Տեսանյութեր

Լրահոս