Հայ-իտալական բիզնես համաժողովի աշխատանքային երկրորդ օրը անցկացվեց Գյումրիում
Հայաստանում անցկացվող հայ-իտալական բիզնես համաժողովի պատվիրակությունը՝ Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոյի գլխավորությամբ, հունիսի 11-ին Գյումրիում էր: Գյումրու քաղաքապետարանի նիստերի դահլիճում պատվիրակության պաշտոնական ընդունելության ժամանակ Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը ողջունեց հյուրերին՝ մաղթելով հաջող ու արդյունավետ աշխատանքային օր: «Ուրախ ենք, որ ֆորումի աշխատանքային երկրորդ օրը անց է կացվում Գյումրիում: Հնարավորություն ունենք այսօր աշխարհում հայտնի իտալական շատ կազմակերպությունների ներկայացուցիչների հետ անմիջական աշխատանքային հանդիպում ունենալ ու քննարկումներ անցկացնել»,-նշեց Շիրակի մարզպետը:
Ներկաներին ողջունեց նաև Գյումրու քաղաքապետ Սամվել Բալասանյանը՝ հույս հայտնելով, որ պաշտոնական հանդիպումից հետո նախատեսվող շրջայցի ընթացքում հյուրերը կծանոթանան քաղաքի ողջ պոտենցիալին: Քաղաքապետը պատվիրակության անդամներին իր ու Շիրակի մարզպետի անունից նաև վստահեցրեց՝ ցանկացած նախաձեռնություն ու ծրագիր, որը կիրականացվի Գյումրիում, կստանա մարզային ու քաղաքային կառույցների աջակցությունը:
Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Վինչենցո Դել Մոնակոն նշեց՝ Գյումրին այն քաղաքն է, որը կհետաքրքրի իտալացի գործարարներին: «Հատուկ վերաբերմունք ունեմ Գյումրիի նկատմամբ ու Գյումրին համարում եմ իմ երկրորդ նստավայրը Երևանից հետո: Սա այն քաղաքն է, որը շատ նման է իտալական քաղաքներին: Սա մի քաղաք է, որն ունի փառահեղ անցյալ և շատ բան է արել ու շատ բան է անում Հայաստանի համար: Գյումրին իր պատմության ընթացքում տեսել է մի շարք դժվարություններ, բայց այդ դժվարությունները չեն կարողացել խեղաթյուրել քաղաքի դեմքն ու դրական էներգիան: Այսօր այստեղ ենք լուրջ առաքելությամբ ու մեծ պատվիրակությամբ։ Հուսանք՝ այսօր քաղաքին ծանոթանալուց հետո շատերի համար առիթ կլինի կրկին վերադառնալ Գյումրի»,-իր խոսքում նշեց դեսպանը:
Հայ-իտալական բիզնես ֆորումը նվիրված է տրանսպորտի, էներգետիկայի, միջավայրի, շինարարության, խելացի քաղաքների և վերականգնման ոլորտների ենթակառուցվածքներին: Միջոցառումը կազմակերպել է ՀՀ վարչապետի աշխատակազմը, Հայաստանում Իտալիայի դեսպանությունը, ICE-ի (Իտալական Առևտրի Գործակալության) Տեխնոլոգիաների, արդյունաբերության, էներգետիկայի և միջավայրի Մոսկվայի գրասենյակը, ինչպես նաև ANCE (Իտալիայի Շինարարների ազգային ասոցիացիա), OICE (Ինժեներիայի, ճարտարապետության, տեխնիկական-տնտեսական խորհրդատվական կազմակերպությունների ասոցիացիա), Anie (էլեկտրական արտադրող ընկերությունների իտալական ասոցիացիա) և GdP Գրուպի Simest-ը: Հայ-իտալական բիզնես ֆորումը, որին մասնակցում են նշված բնագավառների տեղական հաստատությունների, իտալական ասոցիացիաների և Simest-ի ներկայացուցիչներ, նպատակ ունի ներկայացնելու իտալական ձեռնարկություններին Հայաստանի ենթակառուցվածքների բնագավառի առավել հետաքրքիր ծրագրերը և համագործակցության հնարավորություն ստեղծելու ենթակառուցվածքների և տրանսպորտի իտալական ընկերությունների համար: Ֆորումի նպատակներից է նաև ICE գործակալության ներքո ստեղծել համացանց իտալական ասոցիացիաների և դրանց օտարերկրյա համարժեքների միջև:
Օրվա ընթացքում պատվիրակության անդամները կունենան աշխատանքային տարբեր հանդիպումներ ու քննարկումներ և շրջայց Գյումրիով:
Արմենուհի Մխոյան