Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը
Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգը Ռուսաստանը համարել է ՆԱՏՕ-ի գլխավոր սպառնալիքը: Այդ մասին նա հայտարարել է «Պոլիտիկա» սերբական թերթին տված հարցազրույցում, որը հրապարակվել է հունիսի 10-ին:
«Միանգամայն ստույգ է, որ այսօր մեր առջեւ ծառացել է առավել չկանխատեսված իրադրությունն անվտանգության ոլորտում: Խոսքը վերաբերում է Ռուսաստանի ավելի ու ավելի ագրեսիվ քաղաքականությանը, կիբեռսպառնալիքին, հիբրիդային սպառնալիքներին, Մերձավոր Արեւելքի եւ Հյուսիսային Աֆրիկայի անկայունությանը եւ շարունակվող ահաբեկչական սպառնալիքին:
Դրան ի պատասխան, ՆԱՏՕ-ն արագացված կարգով հավաքական պաշտպանության ամենախոշոր վերանայումն է իրականացնում սառը պատերազմի ժամանակներից ի վեր: Այսպիսով՝ ավելի ու ավելի նվազ կանխատեսելի աշխարհում ՆԱՏՕ-ն դեռ նույնքան կարեւոր է, որքան որ միշտ եղել է»,-հայտարարել է Ստոլտենբերգը:
«Դաշինքը մեր ժողովուրդների անվտանգությունը պաշտպանում է արդեն 70 տարի: Եվրոպայի եւ Հյուսիսային Ամերիկայի միջեւ ամուր կապերը ՆԱՏՕ-ն դարձրել են պատմության մեջ ուժեղագույն միությունը: Այն փաստը, որ շուտով մենք Հյուսիսային Մակեդոնիան կընդունենք որպես 30-րդ անդամ, ցույց է տալիս, որ ՆԱՏՕ-ն հաջողակ դաշինք է: Հետեւողական ընդլայնումը ցույց տվեց, որ 70 տարի անց էլ ՆԱՏՕ-ն հետաքրքրություն է առաջացնում եւ միջազգային կայուն կարգի դրական ուժ է»,-հավելել է դաշինքի գլխավոր քարտուղարը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: