Հայտնի են դարձել Իվան Գոլունովի արյան հետազոտության առաջին արդյունքները

«Մեդուզայի» լրագրող Իվան Գոլունովի հանձնած արյան անալիզները ցույց են տվել, որ ընդդիմադիր լրագրողի արյան մեջ թմրանյութ չկա, արդյունքները բացասական են։

Այս մասին հայտնել է ՌԴ Առողջապահության նախարարության գլխավոր արտահաստիքային նարկոլոգ Եվգենի Բրյունը։

«Հետազոտությունը շարունակվում է, սակայն այս պահի դրությամբ թմրանյութեր չեն հայտնաբերվել»,- հավելել է նա։

Միջազգային իրավապաշտպան «Ագորա» խմբի ղեկավար Պավել Չիկովն էլ հայտարարել է, որ Գոլունովի ձեռքի ափերից ու եղունգներից վերցված նմուշների հետազոտություններն էլ թմրանյութի հետքեր չեն հայտնաբերել։

Վերոգրյալի մասին տեղեկանում ենք www.currenttime.tv կայքից։

Այսօր ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ռուսաստանի 3 գլխավոր գործարար պարբերականները՝ «Ведомости»-ն, «Коммерсантъ»-ը և РБК-ն, լույս են տեսել «Ես/մենք Իվան Գոլունով եմ/ենք միատեսակ գլխագրերով՝ ի պաշտպանություն լրագրողի։

Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Մոսկվայի Նիկուլինյան դատարանը Գոլունովի համար որպես խափանման միջոց է ընտրել տնային կալանքը մինչև օգոստոսի 7-ը։ Լրագրողը մեղադրվում է խոշոր չափերով թմրանյութ պահելու և տարածելու մեջ։ ՌԴ քրեական օրենսգիրքը նման հանցանքի համար նախատեսում է 10-20 տարի պատժաչափ։

Գոլունովին ձերբակալել էին հունիսի 6-ին Մոսկվայի կենտրոնում։ Ինքը՝ լրագրողը, պնդում է, որ թմրանյութն իր գրպանը գցել են, իսկ նրա գործընկերները վերջինիս ձերբակալությունը կապում են Գոլունովի լրագրողական գործունեության հետ։ «Մեդուզայի» լրագրողը հետաքննություններ էր հրապարակում մոսկովյան իշխանությունների կոռուպցիոն գործարքների ու ստվերային բիզնեսի մասին։

Ի պաշտպանություն Իվան Գոլունովի՝ արդեն հանդես են եկել նրա գործընկերները, քաղաքացիական ակտիվիստները և իրավապաշտպան կազմակերպությունները։

Հունիսի 9-ին «Կինոտավր» փառատոնի բացման ժամանակ լրագրողի քրեական հետապնդման մասին է հիշատակել նաև փառատոնի ժյուրիի նախագահ, ռուս հայտնի դերասան Կոնստանտին Խաբենսկին։

Հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս