Մոլդովայի բանակը մտադիր չէ միջամտել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին
Մոլդովայի ազգային բանակը մտադիր չէ միջամտել երկրում տիրող քաղաքական ճգնաժամին: Այս հայտարարությամբ հունիսի 10-ին հանդես է եկել երկրի պաշտպանության նախարարությունը:
«Ազգային բանակը շարունակում է իր գործունեությունը սովորական ռեժիմով, չի մասնակցում ճգնաժամին եւ դուրս կմնա քաղաքական խաղերից»,-ասված է փաստաթղթում, որը զետեղված է գերատեսչության պաշտոնական էջում:
Դրանում նշվում է, որ, օրենսդրությանը համապատասխան, պաշտպանության նախարարությունը «պետության սահմանադրական իշխանությունների բացառիկ ու անքակտելի ատրիբուտն է: Քանի դեռ չկա վստահություն երկրում քաղաքական իրադրության նկատմամբ, ազգային բանակը ենթարկվում է միայն սահմանադրական կարգին»:
Հայտարարության մեջ ընդգծված է, որ «էսկալացիայի վտանգը նվազեցնելու» համար սահմանափակ ժամկետով մուտքը զինվորական ստորաբաժանումներ արգելված է «բոլորի համար, բացի ստորաբաժանումների անձնակազմից»:
Մոլդովայի խորհրդարանը փետրվարի 24-ի ընտրություններից հետո փորձում էր կազմել կառավարող կոալիցիա եւ կառավարություն: Միայն հունիսի 8-ին նախագահ Իգոր Դոդոնին աջակցող սոցիալիստներն ի վերջո Acum դաշինքի հետ համաձայնության եկան հանդես գալ նախորդ խորհրդարանը եւ նախարարների կաբինետը վերահսկող Մոլդովայի դեմոկրատական կուսակցության (ՄԴԿ) դեմ, որը ղեկավարում է օլիգարխ Վլադիմիր Պլախոտնյուկը: Խորհրդարանի խոսնակ ընտրվեց սոցիալիստների առաջնորդ Զինաիդա Գրեչանիյը, իսկ կառավարությունը կազմվեց վարչապետ Մայա Սանդուի գլխավորությամբ, որը դաշինքի ղեկավարներից մեկն է:
Դրանից անմիջապես հետո ՄԴԿ-ն դիմեց Սահմանադրական դատարան, որն անօրինական ճանաչեց կոալիցիայի եւ կառավարության ձեւավորումը: Այնուհետեւ Սահմանադրական դատարանը վարչապետի պաշտոնակատար եւ ՄԴԿ-ի անդամ Պավել
Ֆիլիպին թույլ տվեց նախագահի փոխարեն հրամանագիր ստորագրել խորհրդարանի արձակման մասին:
Դոդոնը դա գնահատեց որպես իշխանության բռնատիրման փորձ: Իրենց կողմից Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը, այլ երկրներ ու կազմակերպություններ, անհանգստություն հայտնելով Մոլդովայում տիրող ճգնաժամի կապակցությամբ, հայտարարել են խորհրդարանի եւ նոր կաբինետի հետ համագործակցելու պատրաստակամության մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը: