60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ նախկին կնոջ ընտանիքի նկատմամբ սպանության փորձ կատարելու համար
ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական գործողությունների արդյունքում պարզվել են 60-ամյա տղամարդու կողմից Նորամարգ գյուղի բնակիչների նկատմամբ սպանության փորձ կատարելու դեպքի հանգամանքները, վերջինիս մեղադրանք է առաջադրվել:
Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2019թ. մայիսի 30-ին Երևան քաղաքի բնակիչը՝ ծնված 1959թ., Արարատի մարզի Նորամարգ գյուղի տներից մեկում կենցաղային հարցերի շուրջ վիճաբանել է նախկին կնոջ և վերջինիս ամուսնու հետ, որի ընթացքում 60-ամյա տղամարդը ձեռքին եղած երկու նռնակները նետել է նախկին կնոջ, նրա ամուսնու և ընտանիքի մյուս անդամների ուղղությամբ, որոնց թվում եղել է նաև 2018թ. ծնված մանկահասակ երեխա: Վերջիններս պայթյունի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով:
Նույն օրը բժշկական կենտրոնից տեղեկություն է ստացվել այն մասին, որ կնոջ ներկայիս ամուսինը՝ ծնված 1959թ., ստացած վնասվածքներից բժշկական կենտրոնում մահացել է:
Քրեական գործով իրականացված անհետաձգելի քննչական գործողությունների և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հունիսի լույս 8-ի գիշերը ենթադրյալ հանցագործություն կատարած անձը հայտնաբերվել է և ներկայացվել վարույթն իրականացնող մարմնին:
60-ամյա տղամարդուն մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Քննիչը միջնորդություն է ներկայացրել դատարան՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանավորումը վերահաստատելու վերաբերյալ:
Նախաքննությունը շարունակվում է: